Մահացել է Նամի Արտեմի Միկոյանը՝ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Ստաս Նամինի մայրը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ)։
Օրեր առաջ լրացրել էր նրա 97-ամյակը։ ՌՀՄ հայտարարության մեջ նշվում է, որ Նամի Արտեմովնան հրաշալի և արժանապատիվ կյանք է ապրել։
Նամի Արտեմովնան պատմաբան-երաժշտագետ էր, լրագրող և բազմաթիվ հրապարակումների, այդ թվում՝ «Իմ աչքերով» հուշագրքի հեղինակ։ Նրա ամուսինը ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Միկոյանն էր, Անաստաս Միկոյանի որդին։
Նա նաև ակնարկներ է գրել իր լեգենդար սկեսրայրի՝ Անաստաս Միկոյանի մասին։ «Իմ աչքերով` սիրով և տխրությամբ» գրքում հետաքրքրաշարժ դրվագներ են զետեղված` Արամ Խաչատրյանի, Սիլվա Կապուտիկյանի և Մարկ Գրիգորյանի հուշերը Միկոյանի մասին։
Այս տարվա ապրիլին Ստաս Նամինը Երևանում հայերեն լեզվով գիրք ներկայացրեց իր հայտնի պապի՝ ԽՍՀՄ պետական և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի մասին։ Գիրքը, որը հրատարակվել է երևանյան հրատարակչության կողմից, կոչվում է «Անաստաս Միկոյան՝ Իլյիչից Իլյիչ. չորս դարաշրջան՝ մեկ ճակատագիր»։















