«Աֆիշում գրված է, որ այսօր երեկոյան պիտի խրխնջաս կամ լաց լինես, ուրեմն՝ պիտի խրխնջաս կամ լաց լինես». Դավիթ Հակոբյան

«Նույնիսկ եթե տրամադրություն չունես, դու պարտավոր ես խաղալ, որովհետև քո մասնագիտությունն այդպիսին է: Ոչ մեկին հետաքրքիր չի քո տրամադրությունը, քո խնդիրները, դու պարտավոր ես խաղալ, աֆիշում գրված է, որ դու պետք է խրխնջաս այսօր երեկոյան, ուրեմն՝ պիտի խրխնջաս կամ լաց լինես, ուրեմն՝ պիտի լաց լինես: Տուն ես գնում, ուզես, թե չուզես նորից սկսում ես խաղալ: Եթե նույնիսկ գործերդ վատ են, նորից պիտի խաղաս, իրավունք չունես ասելու, որ գործերս վատ են: Տունն ամենակարևոր տարածքն է, որտեղ պիտի խաղաս: Պատկերացնու՞մ եք գործերս շատ վատ լինի, ես ամեն երեկո գամ ու շատ վատ վիճակում տանը նստեմ, բոլորի տրամադրությունը փչացնեմ: Մենք պիտի խաղանք, դա լավ իմաստով խաղալ է»,- 10:30 Talks-ի շրջանակներում ասել է ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը: Գրում է Tert.am-ը:

Անդրադառնալով հեռուստատեսությամբ հնչող վատ խոսքին դերասանն ասել է. «Մեկ-մեկ ասում են՝ հեռուստատեսությամբ ցույց ենք տալիս այն, ինչ պահանջում է ժողովուրդը: Սուտ է: Պահանջ ժողովրդի կողմից չկա: Ինչ հրամցնում եք, այն էլ նայում է:

Հեռուստատեսությունը, կինոն, նման է մեր տան սառնարանին: Երեկոյան որ գնում ենք տուն, ի՞նչ ենք ուտում մեր սառնարանից, ինչ որ ինքներս դրել ենք: Լավ բան դի՛ր, լավը կեր: Ինչու՞ ես անպայման վատ մթերք դնում, որ վատն ուտես, ստամոքսդ էլ վարժվի վատ մթերքին: Լավը դիր: Ինչ դնում ենք, այն էլ ուտում ենք: Հարևանը չի եկել սառնարանիս մեջ վատ բան դրել, ես եմ դրել»: