Կինոյի ոլորտում ամերիկյան հայտնի Critics’ Choice Awards մրցանակաբաշխության ընթացքում լավագույն ֆիլմ է ճանաչվել ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնի «One Battle After Another» («Պայքարը պայքարից հետո») ֆիլմը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նույն ֆիլմի համար Անդերսոնը ճանաչվել է լավագույն ռեժիսոր։ Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ այս ֆիլմը ևս մեկ մրցանակ է ստացել՝ լավագույն ադապտացված սցենար անվանակարգում։
Թիմոթի Շալամեն «Marty Supreme» («Հրաշալի Մարթի») սպորտային դրամայում կերտած դերի համար ճանաչվել է որպես լավագույն դերասան։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսի Բաքլին «Hamnet» («Համնետ») պատմական դրամայում խաղացած դերի համար։
Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Ջեյքոբ Էլորդին` «Frankenstein» («Ֆրանկեյնշտեյն») ֆիլմի, իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Էմի Մեդիգանը՝ «Weapons» («Զենքեր») ֆիլմի համար։
Լավագույն դերասանական անսամբլ անվանակարգում հաղթել է «Sinners» («Մեղավորները») ֆիլմը։ Այս ֆիլմը ստացել է ևս 3 մրցանակ՝ լավագույն երիտասարդ դերասան/դերասանուհի, լավագույն օրիգինալ սցենար և լավագույն երաժշտություն անվանակարգերում։
Լավագույն սահմանափակ սերիալ է ճանաչվել «Adolescence»-ը:















