Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը օրերս նշել է տարեդարձը։ BRAVO.am-ին դերասանի ավագ որդին՝ «Առաքել» ներկայացման պրոդյուսեր Արամ Թոխատյանը, պատմել է, թե ինչպես են սովորաբար նշում հոր տարեդարձն ու ինչ նվերներ են անում։
«Շատ տպավորիչ էին իմ մանկության տարիներին նշվող առիթները, երբ հավաքվում էինք մեծ խմբով. իր ընկերներն էին ներկա լինում, ու բոլորս սեղանի շուրջ տոնում էինք։ Ամենահիշվողը եղել է հայրիկիս 50-ամյակը. շատ ստեղծագործական ենք նշել՝ Սունդուկյանի անվան թատրոնում խաղացել է «Անհանգիստ հոգի, կամ անկոչ հյուրը» ներկայացման մեջ։ Հիմա հայրիկը նախընտրում է ավելի նեղ շրջապատում նշել։ Այս տարի էլ, բնականաբար, նրան անակնկալ կմատուցենք, նաև կհավաքվենք սեղանի շուրջ»,- ասել է Արամ Թոխատյանը։
Հունվարի 10-ին ոչ միայն Հրանտ Թոխատյանի, այլ նաև նրա մյուս որդու՝ Հայկի ու զոքանչի՝ Լուիզա Ներսիսյանի մայրիկի տարեդարձն է։ Այնպես որ, Թոխատյանների ընտանիքում նշելու առիթները շատ են։
«Հայրիկիս ամենամեծ նվերը հենց եղբայրս է»,- ասել է արտիստի որդին եւ հավելել է. «Նա շատ է սիրում թե՛ նվերներ տալ, թե՛ ստանալ և այդ հարցում միշտ հետաքրքիր ու ստեղծագործական մոտեցում է ցուցաբերում։ Մենք, հակառակը, ավելի պետքական նվերներ ենք ընտրում ու այդքան էլ կրեատիվ չենք լինում։ Օրինակ՝ գիտենք նախընտրած բույրերը ու օծանելիք ենք նվիրում։ Ասեմ, որ հատկապես սիրում է Hugo Boss-ը։ Իսկ քանի որ հայրիկի շրջապատում հիմնականում ստեղծագործ մարդիկ են, նրանք ավելի տարբերվող նվերներ են մատուցում»։
















