Նախկին «Ֆուլ Հաուսից» միայն կերպարներն են ծանոթ. ի՞նչ է սպասվում նոր ֆիլմում

Սիրված «Ֆուլ Հաուսը» վերադառնում է, սակայն այս անգամ ֆիլմի տեսքով: Հունվարի 29-ից էկրաններ բարձրացող «Ֆուլ Հաուս. Վայրէջքը» խոստանում է զվարճացնել և հուզել: Showbiz.am-ը զրուցել է սիրված ֆուլհաուսցիների՝ Գարիկ Սեփխանյանի, Մոսո Կարապետյանի և Աղաս Մանուկյանի հետ:

Գարիկ Սեփխանյանը նաև սիթքոմի սցենարի հեղինակներից մեկն է: Նա վստահեցրեց, որ որպես սցենարիստ չէր ցանկանում, որ սիթքոմը շարունակություն ունենա.

«Դեմ եմ եղել, որ «Ֆուլ Հաուսը» ունենա 10-րդ եթերաշրջան, թեպետ՝ այսքան տարի ամենաշատ տրված հարցը հենց դրան էր վերաբերում: Մենք չէինք ցանկանում, որ «Ֆուլ Հաուսի» որակը տուժեր, այդ պատճառով էլ ավարտեցինք այն իր հաջողության գագաթնակետին, և վերադարձը եղավ միայն գեղարվեստական ֆիլմի տեսքով:

Նկարահանումներն իրականացրել ենք Երևանում և Ստեփանավանում, սցենարական աշխատանքը մեզ համար դժվար չէր, քանի որ մինչ այդ էլ մենք էինք գրել սցենարը, հետևաբար՝ բոլոր կերպարներին շատ լավ գիտեինք: Նշեմ, որ նախկին «Ֆուլ Հաուսից» միայն կերպարներն են ծանոթ, ամեն բան նոր է լինելու: Սցենարը գրելուց հետո թիմային աշխատեցինք, որպեսզի բոլորին դուր գա, որևէ դժվարություն չենք ունեցել, բոլորը բոլորին ճանաչում էին, լավ գիտեինք կերպարները, գիտեինք ամեն մեկը՝ ինչ ձևով կարող է ներկայանալ, նաև նկարահանումներն էլ են շատ սահուն անցել: Ցավում եմ միայն, որ Ռուբենն առանց իր Զառայի էր մնացել, քանի որ Քրիստինա Եղոյանը չկարողացավ գալ Հայաստան: Այս անգամ իմ խաղընկերն էր Աղասին: Արդյունքից էլ գոհ կլինեմ այն ժամանակ, երբ որ հանդիսատեսը բավարարված դուրս կգա դահլիճից, հակառակ դեպքում, եթե հիմա արդեն գոհ լինեմ, ուրեմն՝ ամեն բան վերջացած կլինի, որովհետև միշտ կա ավելի լավ աշխատելու ցանկություն»:

Մոսո Կարապետյանն էլ նշեց, որ միշտ սպասել է այս վերադարձին:

«Միշտ մտածում էի, որ «Ֆուլ Հաուսը» կվերադառնա՝ թեկուզ ֆիլմի տեսքով: Նշեմ, որ Հրաչը փոխվել է այսքան տարի անց, բայց նրա միջի «քյառթու երիտասարդը» չի վերացել, հարկ եղած դեպքում՝ կրկին հայտնվում է: Չեմ կարող ասել արդյունքի մասին, սակայն շատ գոհ եմ ընթացքից, թե ինչպես ենք աշխատել: Ամենաշատը կարոտել էի նկարահանումները, միմյանց հետ շփումը, որովհետև կադրից դուրս էլ միշտ ընկերներ ենք եղել և շարունակում ենք ընկերներ մնալ:
«Ֆուլ Հաուսը» մեր կյանքում հայտնվել էր շատ ճիշտ ժամանակ՝ լավ դերասանական քասթինգով, ծիծաղելի սցենարով, գրագետ պրոդյուսերական աշխատանքով, դրա համար էլ այդքան ֆենոմենալ հաջողություն ունեցավ, շատ ուրախ եմ, որ որպես դերասան «Ֆուլ Հաուսի» բոլոր նախագծերին մասնակցություն եմ ունեցել՝ թե սիթքոմին, թե ներկայացումներին և հիմա արդեն նաև ֆիլմին: Այս նախագիծը տրամպլին է եղել ինձ համար»:

Աղաս Մանուկյայնն էլ է վստահեցնում, որ «Ֆուլ Հաուսը» իր կյանքում շրջադարձային է եղել:

«Ուրախ և հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա այդ ֆենոմենալ նախագծի մի մասը կազմելու: Միացել էի գրեթե վերջում, շատ շնորհակալ եմ Արմեն Պետրոսյանին այդ հնարավորության համար։ «Ֆուլ Հաուսը» իմ առաջին սիթքոմն էր, առաջին ներկայացումը, հիմա էլ առաջին գեղարվեստական ֆիլմն է. սպասում եմ, թե էլ ինչը «Ֆուլ Հաուսի» շնորհիվ կլինի առաջինը:

Սպասում էի այս վերադարձին, որովհետև նախագիծը սիրված էր բոլոր սերունդների կողմից, ափսոս կլիներ, որ շարունակություն չունենար: Վստահ էի, որ Մենչն անպայման մի բան կմտածի, որովհետև նման ֆենոմենալ նախագծեր շատ քիչ քան Հայաստանում:

Նկարահանումներին իսկապես դեժավյու էինք ապրում, ընդ որում՝ ոչ միայն նկարահանների հետ կապված, այլև ներկայացումների: Բարի, զվարճալի հիշողություններ ունեինք, գրեթե օր չկար, որ որևէ բան չհիշեինք:

Ամենաշատը կարոտել էի հենց «Ֆուլ Հաուսը»՝ իր ֆուլհաուսցիներով: Իմ կյանքի ամենակարևոր էտապներից մեկն է հենց այս նախագծի հետ կապ ունի»:

Հավելենք, որ «Ֆուլ Հաուս. Վայրէջք» ֆիլմում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյան, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Արտյոմ Կալաջյանը և այլք:

Պրոդյուսեր՝ Արմեն Պետրոսյան, սցենարի հեղինակներ՝ Գրիգոր Դանիելյան,Գարիկ Սեփխանյան, ռեժիսոր՝ Կարեն Ամյան: