67-ամյա դերասանուհի Շերոն Սթոունն այժմ գտնվում է ստեղծագործական որոնման փուլում՝ համատեղելով դերասանական գործունեությունն ու նկարչությունը։ Նա ասում է, որ իր նկարները ստեղծելու ընթացքում սկսել է կապ հաստատել անտեսանելի հոգիների հետ: Գրում է Fast News-ը:
«Կարծում եմ՝ այս ունակությունն իմ մեջ հայտնվել է այն բանից հետո, երբ ընտանիքիս շատ անդամներ մահացան, և այս ամենը տեղի է ունեցել շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտ երեքուկես տարվա ընթացքում։ Ես իրականում զգում եմ, որ ինչ-որ բարձր գիտակցություն խոսում է ինձ հետ։ Երբ այս դիմանկարները սկսեցի նկարել, հոգիները կարծես ուղիղ հաղորդակցվում էին ինձ հետ»,- անկեղծացել է դերասանուհին:
Շերոնը նշել է, որ հատկապես ուժեղ ազդեցություն է ունեցել «Նա» վերնագրով ստեղծագործությունը՝ ներշնչված մի հոգուց, որը երկար ժամանակ չէր բացվում։ Նրա խոսքով՝ երբ այդ հոգին վերջապես սկսել է հաղորդակցվել, դերասանուհին հասկացել է՝ պատմությունը շատ ցավոտ է․ նա պատմել էր, որ շղթայված վիճակում խեղդվել է նավի ներսում։ Նկարելու ընթացքում դերասանուհին ստիպված է եղել իր վրա զգալ այդ մարդու սարսափն ու տառապանքը՝ շղթայված լինելու և փրկվելու անհնարինության զգացումը, ինչը չափազանց ծանր փորձառություն է եղել։
Այս գործը ներկայացված էր նրա Rogues Gallery ցուցադրության շրջանակում՝ մյուս աշխատանքների հետ միասին։
Անցյալ ամիս նախագծի վերաբերյալ տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ ցուցադրված են մինչ այդ չտեսնված աշխատանքներ՝ ուժեղ ու միստիկ դիմանկարներ տարբեր ժամանակաշրջանների մարդկանց հոգիների մասին, որոնց հետ Սթոունը վերջերս սկսել է կապ հաստատել նկարչության ընթացքում։

















