Ռիհաննան շուտով կներկայացնի իր ինքնակենսագրական գիրքը, որը առաջինն է իր տեսակի մեջ

Համաշխարհային ճանաչում վայելող երգչուհի Ռիհաննան, ով նաև համարվում է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը, շուտով երկրպագուներին է ներկայացնելու իր ինքնակենսագրական վիզուալ գիրքը, որը բաղկացած է լինելու հազարից ավելի լուսանկարներից։ Գրքում տեղ են գտել բացատռիկ լուսանկարներ երգչուհու մանկությունից և պատանեկությունից։
Նայելով այդ նկարներին՝ հնարավոր է պատկերացնել Ռիհաննայի անցած ողջ ուղին՝ անկումները, հաղթանակները, խոչընդոտները, մտավախությունները։ Այսօր Ռիհաննան ոչ միայն շատ հայտնի է համաշխարհային երգարվեստում, այլ նաև հիմնավորվել է նորաձևության ասպարեզում՝ ստեղծելով իր սեփական բրենդը, որը նույնպես կարողացավ հասնել մեծ հաջողության։
Երգչուհու ինքնակենսագրական գրքի 504 էջերը պատմում են անգամ Ռիհաննայի կյանքի գաղտնի ու անձնական այն մանրամասները, որոնք ինքը՝ երգչուհին, դեռ չէր բացահայտել ոչ մտերիմներին, ոչ լրագրողներին։
«Ուրախ եմ, որ կարող եմ ձեզ ներկայացնել իմ հիշողություններից կազմված այս անհավանական հավաքածուն։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ինձ օգնեցին այսպիսի ստեղծագործության հրատարակման հարցում, որն առաջինն է իր տեսակի մեջ»,- հայտնել է Ռիհաննան։
Գիրքը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի վերջին, իսկ այժմ կարող եք դիտել դրա էջերից մի քանիսը, որոնք հայտնվել են համացանցում։

,