«Երկու ամուսնություններիս համար էլ իսկապես չեմ ափսոսում: Շատ շնորհակալ եմ նրանց, որ ինձ երկու հրաշալի զավակ են նվիրել։ Ուզում եմ, որ առողջ ու հաջողակ լինեն երկուսն էլ, բայց այդ պատմություններն ավարտվել են: Դրանք շարունակական են միայն մեր զավակների մեջ»,- Հերմինե Ստեփանյանի «HerMine Dialog» հաղորդման շրջանակում խոսելով սիրված լինելու, կարոտի, միայնության, անձնական կյանքում գեղեցիկ ու բարդ փորձառությունների մասին՝ պատմել է ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը։ Գրում է BRAVO.am-ը:
Երբ համատեղ կյանքը փոխզիջում է
Առաջին ամուսինս սիրում էր ռոք: Նրա շնորհիվ ծանոթացա ժամանակակից ռոք երաժշտությանը, թեեւ մինչ այդ էլ լսում էի հին, հայտնի ռոք խմբերին։ Դա փոխզիջում էր այն ժամանակ, որովհետեւ ես միայն ջազ եւ սոուլ էի լսում։ Հետո հասկացա, որ եթե ուզում ես լիարժեք տիրապետել քո արվեստին, պիտի առհասարակ իմանաս ոլորտը՝ բոլոր ոճերով ու ժանրերով։ Երբ ասում են՝ «Ես ջազմեն եմ, ռոք չեմ սիրում», լուրջ չեմ վերաբերվում։ Իհարկե, կան ոճեր, որոնք չեմ կարողանում երգել, որովհետեւ իմը չէ, բայց պիտի լսեմ, ճանաչեմ։
Երկրորդ ամուսինս չէր սիրում, որ ես ծխում էի: Միշտ սպորտային կյանքով է ապրել։ Ես փորձում էի իր ներկայությամբ չծխել, ինչը նորմալ է։
Բաժանումների եւ ընկերության մասին
Առաջին ամուսնուս հետ ուսանողական տարիներից շատ լավ ընկերներ ենք։ Ես պարզապես չհամաձայնեցի նրա հետ մեկնել հայրենիքից, եւ դա եղավ բաժանման պատճառը: Տղայիս հետ մնացի այստեղ։
Հետո հանդիպեցի երկրորդ ամուսնուս, որն ինձ ուղղակի «հետապնդում էր»։ Ամեն Աստծո օր ես ունեի երկուսից երեք նամակ՝ գեղեցիկ հայերենով, լավ պոեզիայով։ Նա հետեւողականորեն ամեն ինչ արեց, որ մենք ամուսնանանք։ Սիրված լինելը գժվելու բան է եւ մեկ-մեկ գայթակղիչ, իսկ նա ինձ շատ սիրուն պահեր է նվիրել։ Մենք տասը տարի ապրել ենք միասին: Նա տասը տարի ինձ անվերջ տոներ է նվիրել։
Առաջին սիրահարվածությունը
Դպրոցում էր, հիշում եմ։ Լուրջ սիրահարվածություն էր (ժպտում է,- հեղ․)։ Այդ տղան 10-րդ դասարանում էր, ես՝ 7-րդ կամ 8-րդ։ Նա չգիտեր, որ սիրահարված եմ իրեն, բայց ես այնքան էի սիրահարված, որ երբ գալիս էր դպրոց, իմ օրը գունավորվում էր։ Այդքան բան: Շատ հեքիաթային էր սերը։
Որ ասում են՝ առաջին սերն ուրիշ է, պիտի ասեմ՝ առհասարակ յուրաքանչյուր սեր ուրիշ է: Յուրաքանչյուր սեր առաջին սեր է։
Ամենագրավիչը տղամարդու մեջ
Ամենակարեւորն ու գրավիչն ինձ համար խելքն է։ Կարծում եմ՝ խելացի եւ հումորով տղամարդն ամենագայթակղիչը կարող է լինել։ Եվ, իհարկե, առատաձեռն տղամարդը, որովհետեւ ժլատ տղամարդիկ զզվանք են առաջացնում։















