Հաղորդավար և պրոդյուսեր Մհեր Բաղդասարյանը հանդես է եկել կտրուկ մեկնաբանությամբ՝ անդրադառնալով Խազեր մրցանակաբաշխությանը։ Նա իր սոցիալական էջում հրապարակում է արել՝ խոսելով անվանակարգերում ընդգրկված արտիստների մասին և ներկայացնելով մի շարք հարցադրումներ։ Գրում է Star News-ը:
Մհեր Բաղդասարյանը նշել է, որ «Խազերը» հրապարակել է անվանակարգերի թեկնածուների անունները, սակայն ըստ նրա՝ առաջացել են մի շարք տարակուսելի իրավիճակներ։
«Քիչ առաջ պարզ դարձավ, որ առանց գլխավոր արտիստներից մեկի թույլտվության ու ցանկության երգչուհուն ներառել են անվանակարգերում։ Մինչդեռ նշվում էր, որ արտիստներն իրենք պետք է լրացնեին հայտերը, և այն հարցին, թե ինչու չկա այս կամ այն արտիստը, պարզաբանում էին, որ իրենք չեն ցանկացել իրենց ներկայացնել։ Ենթադրությունները թողնում եմ ձեզ»,– գրել է նա։
Նա նաև անդրադարձել է երգչուհի Տաթև Ասատրյանին՝ նշելով, որ տարվա ընթացքում ակտիվ գործունեություն ծավալած արտիստը ընդգրկվել է միայն «Քաղաքային ֆոլկ» անվանակարգում։
«Մեկ այլ արժանի և տարվա ընթացքում ամենաշատ ու արդյունավետ աշխատած երգչուհուն՝ Տաթև Ասատրյանին ներառում են միայն «Քաղաքային ֆոլկ» անվանակարգում, որը չգիտես ինչու, ի տարբերություն մյուս գլխավոր անվանակարգերի, գենդեր չեզոք է։ Իսկ ո՞վ է այդքան մենահամերգներ ունեցել։ Մրցանակաբաշխությունը ԱԶԳԱՅԻՆ է, չէ՞»,– գրել է նա։















