«Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից»․ իրական ողբերգության թարմ վերքերի ու արվեստի նուրբ խաչմերուկում

Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» նոր գեղարվեստական, լիամետրաժ ֆիլմի հիմքում ռուս զինվորի՝ Վալերի Պերմյակովի կողմից 2015 թվականին Գյումրիում կատարած ոճրագործությունն է, որի զոհը դարձավ մի ողջ ընտանիք՝ այդ թվում երկու մանկահասակ երեխաներ։
Ներշնչվելով իրական դեպքերից՝ հեղինակներն ստեղծել են գեղարվեստական մի պատում, որտեղ առաջնային է դառնում ազգային արժանապատվության և անձնազոհության գաղափարը։
Ֆիլմը ոչ թե հենց այդ դաժան իրողության մասին է, այլ նրա նկատմամբ մարդկանց ունեցած արձագանքի և վերաբերմունքի, ֆիլմը ոչ թե հետաքննություն է, այլ դիրքորոշում:
«Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից»  ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել այս տարի Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնում: Սա Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի ութերորդ մասնակցությունն է այս հեղինակավոր կինոփառատոնին` սկսած 1992 թվականից։
Ֆիլմը մեծ հետաքրքրություն է առաջացրել թե՛ հանդիսատեսի, և թե՛ պրոֆեսիոնալների շրջանակներում, ինչի վկայությունն է մի շարք հրավերներն այլ միջազգային կինոփառատոններից՝ Ուրուգվայից, Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից և այլն։
ShowBiz.am կայքի հետ զրույցում հեղինակներ Արսեն Ազատյանն ու Նարինե Մկրտչյանը պատմեցին՝ ինչպիսի խոչընոտների են հանդիպել աշխատելիս, ինչպիսի արձագանքի արժանացավ ֆիլմն ու ինչը նրանց դրդեց ընտրել հենց այս թեման:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց «Նրա մասին կամ թե ինչպե՞ս նա չվախեցավ արջից» վերնագիրը։

Նարինե Մկրտչյան
-Վերնագրի առաջին մասը՝ «Նրա մասին» ավելի ընդհանրական է, որն առնչվում է ֆիլմի բոլոր հերոսներին, իսկ երկրորդ մասը՝ «թե ինչպես նա չվախեցավ արջից»՝ ուղիղ համեմատական է այն այլաբանությանը, որը ներկայացված է ֆիլմում՝ դաժան իրականությանը զուգահեռ, որն էլ իր հերթին ունի երկիմաստ նշանակություն, քանի որ աշխարհում Ռուսաստանը նույնացվում է արջի կերպարին։

Ի՞նչը դրդեց ձեզ ընտրել հենց այս թեման։

Նարինե Մկրտչյան
Արժանապատվության, արդարության, ցավի զգացումը։ Քանզի որքան ժամանակ էր անցնում այդ դեպքից, այն ավելի էր ծանրանում մեր հոգու վրա։ Եվ վերջապես, չի կարելի ապրել սեփական երկրում՝ ազգային փոքրամասնության հոգեբանությամբ։ Թերևս կինոն այն միակ արվեստն է, որը կարող է ժամանակին վեր բարձրաձնել, միջազգային հնչեղութան հասցնել նման կարևոր թեման։

 

 


 –Ֆիլմում անդրադարձել եք շատ զգայուն թեմայի, աշխատելիս ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք։ Ինչպե՞ս ընդունեց ֆիլմը ռուս հանդիսատեսը։

Արսեն Ազատյան.
Արժանապատվորեն ընդունեց` ի պատիվ ռուսական կինոյի պրոֆեսիոնալների։
Ֆիլմը Ռուսաստանում միաժամանակ ընտրվել էր միջազգային չորս կինփառատոնների կողմից՝ թողնելով մեր հայեցողությանը, թե որտեղ կցանկանանք կատարել ռուսաստանյան պրեմիերան։ Մենք ընտրեցինք Յալթայի միջազգային կինփառատոնը, քանի որ այն Հայաստանյան պրեմիերայից առաջ էր։
Եվ մեզ համար կարևոր էր, որ հայ հանդիսատեսի այն հատվածը, ովքեր ռուսոֆիլ են՝ հասկանան, որ մենք չենք ընկրկել ոչ թեմայից, ոչ էլ այն իր հասցեատիրոջը ցուցադրելուց։
Իրականում խոչընդոտներ չեն եղել, եղել է անվստահության զգացում՝ հասարակական առումով, քանի-որ չէինք ուզում բարձրաձայնել, թե որն է ֆիլմի թեման։

 ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, սակայն վերջաբանն այլ է։ Ինչո՞վ էր պայմանավորված ձեր այդ մոտեցումը։

Նարինե Մկրտչյան
-Ֆիլմը գեղարվեստական է՝ ներշնչված իրական դեպքերից, որը մտքի թռիչքի հնարավորություն է տալիս, որտեղ բնականաբար դու ստեղծում ես քո կառույցը, քո հերոսներին, դեպքերի զարգացման քո տրամաբանությունը՝ կարևորելով ֆիլմի գաղափարը՝ ստեղծում ես քո իրականությունը, որն այլ է, որը քեզ համար ավելի հավաստի է դառնում, քան բուն իրականությունը։

 

Ըստ ձեզ՝ լավագույն գնահատականը ֆիլմի վերաբերյալ, որ մինչ այժմ տրվել է:

Արսեն Ազատյան
Կարելի է առանձնացնել կինոգետներ Էդվին Կարելսի կարծիքը ֆիլմի համաշխարհային պրեմիերայից հետո՝ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում և Զավեն Բոյաջյանի կարծիքը հայաստանյան պրեմիերայից հետո։

Էդվին Կարելս (կինոգետ, Ռոտտերդամի միջազգային կինոփառատոն). «Անչափ ուրախ եմ, որ այս ֆիլմի համաշխարհային պրեմիերան կարողացանք ներկայացնել Ռոտերդամի կինոփառատոնում։ Ինձ համար սա անձնական հաճույք է, քանի որ ես ռեժիսորների հետ ծանոթ եմ ավելի քան քսանյոթ տարի՝ սկսած իմ առաջին համագործակցությունից այս փառատոնի հետ։ Ես մինչ այժմ հիանում եմ նրանց աշխատանքով, նրանց ուրույն մոտեցմամբ և ոճով, որը հնարավոր չէ գտնել այլ ռեժիսորների մոտ։ Սա մի ոճ է, որն անընդհատ ստիպում է քեզ մտածել, դու չես ստանում միայն պատումը, այլ ընկալում ես փիլիսոփայությունը, և այն մղում է քեզ մտածել հասարակության և էթիկայի մասին։
Ֆիլմում արտացոլված է կրոնի, բռնության, քաղաքականության ու վախի էությունը, ու չնայած նրան, որ ֆիլմը շատ անձնական է, քանի որ հիմնված է իրական դեպքերի վրա, այն շատ համամարդկային է։ Սա ընկալումից է կախված, այն կարող է համեմատվել Դոստոևսկու վեպի հետ՝ լինելով նույնքան խորը։
Ոճը թվում է թե պարզ է, բայց իրականացված է շատ գեղեցիկ՝ հնչյունի, երկար պլանների ու երաժշտության միջոցով։
Իմ առաջին տպավորությամբ՝ սա լուռ ֆիլմ է. ճիչ բռնության մասին, այն հակասություն է, թե ինչպես մենք, որպես մարդ արարած, կկրթենք մեր երեխաներին։ Արդյո՞ք մենք կփոխանցենք նրանց մեր դաժանությունը, մեր վարքագիծը։
Սա բազմաշերտ ֆիլմ է, բայց շատ հարուստ ու այն պետք է դիտվի ամենուր»։

 Զավեն Բոյաջյան ( կինոգետ, Հայաստան). «Ժամանակակից հայկական կինոն գրեթե զուրկ է բարձրակարգ նմուշներից: Նարինե Մկրտչյան և Արսեն Ազատյան ռեժիսորական զույգի նոր աշխատանքը՝ «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմը, բացառություն է: Այստեղ հանդիպեցի մի շարք հատկանիշների, որոնք հազվագյուտ հյուրեր են այսօրվա մեր էկրանին:
Փորձեմ թվարկել դրանք: Իրապատում սյուժեն, որ ներշնչված է բոլորիս ցնցած հրեշավոր պատմությունից՝ Գյումրիի ռուսական ռազմակայանի զինվոր Վալերի Պերմյակովի գործած որքան դիվային, այնքան էլ առեղծվածային սպանդից, գեղարվեստական բազմաշերտ նյութի է վերածվել՝ շոշափելով փիլիսոփայական, քաղաքական, բարոյական, կրոնական տանջալի հարցադրումներ: Դրամատուրգիական նյութի էկրանային մատուցման մեջ ռեժիսորներին հաջողվել է արտասովոր հիբրիդ ստանալ՝ արտհաուսը խաչասերելով թրիլերին բնորոշ տարրերի հետ: Այս պոստմոդեռնիստական համադրումն անսպասելի և դրանով իսկ շատ հետաքրքիր արդյունք է տվել: Ֆիլմի ոճաբանությունը հենված է իրական և սիմվոլիկ պլանների փոխլրացնող համադրության վրա՝ այս երկու նժարի հավասարակշռությունը շարունակ պահպանելով: Սայթաքուն թեման ներկայացված է խոհուն, զուսպ ու հայեցողական մոտեցմամբ.

Իսպառ բացակայում են պաթոսը, հրապարակախոսությունը, մելոդրամատիզմը: Ֆիլմի հեղինակները ներկա են ոչ թե իրենց ներկայացրած պատմության, այլ այն ուշագրավ ռեժիսորական կուլտուրայի, գեղագիտության մեջ, որով դրոշմված է ֆիլմը: Երիտասարդ օպերատոր Արթուր Ուստյանի աշխատանքն անսպասելիորեն հասուն էսթետիզմ ունի: Երաժշտությունն իմաստակիր է և տեղին. Վիվալդին աննման է, նոր, խորախորհուրդ չափում է բերում, իսկ Արամ Խաչատրյանի սակավածանոթ դաշնամուրային պիեսները դարձել են ֆիլմի հյուսվածքի օրգանական մասը: Կերպարները կենդանի մարդիկ են, տպավորիչ և աշխատված, դերակատարների ընտրությունն անվրեպ է, դրվագային դերերն անգամ մշակված են (ողջույններս Քրիստինա Հովակիմյանին): Խոսքը բնական է ու հավաստի: Այսքանից հետո զարմանալի չէ, որ Նարինե Մկրտչյանը և Արսեն Ազատյանը ներկայումս գործող այն սակավաթիվ հայ ռեժիսորներից են, որոնք ներկայացնում են մեր կինոն միջազգային ասպարեզում: «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմը Ռոտերդամում կայացած պրեմիերայից հետո փառատոնային շրջագայության է ելել»:

Ցուցադրությունները տեղի են ունեցել Երևանում, Գյումրիում, Կապանում, Քաջարանում և Ստեփանակերտում։
Ֆիլմն արդեն մեծ էկրաններին է սեպտեմբերի 27-ից, բոլոր կինոթատրոններում: Նարինե Մկրտչյանը և Արսեն Ազատյանը հեղինակ են մեկ տասնյակից ավելի ֆիլմերի, որոնք մասնակցել են ավելի քան 60 միջազգային առաջնակարգ կինոփառատոնների, ինչպես՝ Բեռլինի, Ռոտտերդամի, Լոկառնոյի, Բուսանի, Մոնրեալի, Սիդնեյի, Մոսկվայի, Կալկաթայի, Գոթենբուրգի, Էդինբուրգի, Լուիզվիլի և այլ՝ ստանալով մրցանակներ և լայն արձագանք մամուլում։ Նրանք միջազգային կինոհանրությանը հայտնի են իրենց «Բոբո», «Ռադիո Երևան», «Անդրեյ», «Ճամփեզրին», «Անառակ որդու վերադարձը», «Ապակե կախազարդը» և այլ ֆիլմերով

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան