Իբրահիմ Մալուֆը կհյուրընկալվի Երևանում

Հանրահայտ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը հուլիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա բացառիկ մենահամերգով, ինչպես նաեւ կմիանա 23-րդ «Ոսկե ծիրան»-ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի կազմին։ Երաժիշտը Երեւան կայցելի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Ջազի հայկական ասոցիացիայի հրավերով: Գրում է BRAVO.am-ը:

Իբրահիմ Մալուֆի ելույթները հայտնի են իրենց հզոր էներգիայով, ժանրային համարձակ համադրություններով եւ երաժշտական սահմանների անտեսմամբ։  «Մալուֆը միջազգային երաժշտական ասպարեզում համարվում է բացառիկ երեւույթ։ The New York Times-ը նրան բնութագրում է որպես «վիրտուոզ»․ նա իր կարիերայի ընթացքում միավորել է ջազը, փոփը, դասականը, էլեկտրոնային, միջինարեւելյան եւ աֆրիկյան երաժշտական ազդեցությունները՝ ստեղծելով յուրահատուկ, սահմաններ չճանաչող երաժշտական լեզու»,- նշված է մամուլի հաղորդագրությունում:

Լիբանանում ծնված եւ մանկության տարիներին Ֆրանսիա տեղափոխված երաժիշտը վաղ հասակից ձեւավորել է երաժշտության միջոցով մշակույթներն ու աշխարհագրական սահմանները միավորելու իր տեսլականը։ Միջազգային հեղինակավոր մրցույթներում հաղթանակներից հետո նա կերտել է սեփական երաժշտական ուղին՝ թողարկելով բազմաթիվ ալբոմներ եւ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող արվեստագետ։

Վերջին տասնամյակում Մալուֆը հանդես է եկել ավելի քան 40 երկրում, համագործակցել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Քուինսի Ջոնսը, Ուինթոն Մարսալիսը, Ջոն Բատիստը, Սթինգը եւ այլք։ 

2022 թվականին նա համագործակցել է Անժելիկա Կիջոյի հետ՝ ստեղծելով «Queen of Sheba» սիմֆոնիկ ստեղծագործությունը, որը նրան բերել է իր առաջին «Գրեմմի» առաջադրումը։

Նրա վերջին` «Capacity to Love» ալբոմը եւս մեկ անգամ հաստատում է Մալուֆի ստեղծագործական համարձակությունը՝ միավորելով տարբեր մշակույթների եւ ժանրերի արվեստագետներին՝ ինքնության, համայնքի եւ միասնության թեմաների շուրջ։ Ալբոմի «Todo Colores» ստեղծագործության համար նա կրկին առաջադրվել է «Գրեմմի»-ի։ 

Հիշեցնենք, որ Երեւանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 12-ից 19-ը։