«Էյֆորիա»-ի 3-րդ եթերաշրջանի «չարագործ» Ջեք Թոփալյանը

Ամերիկահայ դերասան Ջեք Թոփալյանը միացել է «Էյֆորիա» սերիալի 3-րդ եթերաշրջանի դերասանական կազմին: Նա խորհրդավոր և կասկածելի հայ գործարար Նազի դերում է, որը կապված է Նեյթ Ջեյքոբսի (Ջեյքոբ Էլորդի) հետ: Հայտնում է BRAVO.am-ը:

Նազը 2-րդ սերիայում որպես պարտատեր հայտնվում է Նեյթ Ջեյքոբսի ու Քեսի Հովարդի հարսանիքին (Սիդնի Սուինի) ու փեսացուից գումար պահանջում, ինչը զգալիորեն ազդում է 3-րդ եթերաշրջանի «Պալադինի բալլադը» մասի սյուժետային գծի վրա։ Հարսանիքն ավարտվում է արցունքներով ու արյամբ:

«Սա պետք է լիներ նրանց կյանքի ամենաերջանիկ գիշերը, բայց հայտնվեց ամենավատ մղձավանջը»,- դերասանի մասնակցությամբ տեսարանի մասին գրել է Armenian Film Society-ն:

Թոփալյանն այսպես է մեկնաբանել դերը. «Իմ կերպարը հայ գործարար է ու Նեյթի գործընկերը։ Նեյթն ու Քեսին ամուսնանում են, և ես նրանց որոշ հարցերում օգնում եմ։ Ներկա պահին միայն այս մասին կարող եմ պատմել»։

Դերասանը նկարահանվել է նոր եթերաշրջանի բոլոր սերիաներում: Սերիալը կիրակի օրերին հեռարձակվում է HBO Max-ով։