Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան և մի շարք այլ հայտնի գործիչներ մեկնելու են Արցախ` «Ծագումով հայեր» նախագծի շրջանակներում

«Ծագումով հայեր» հաղորդաշարը, որն արդեն 12 տարի է, ինչ «Արմենիա TV»-ի եթերում է, հանդես է գալիս հերթական նախաձեռնությամբ, որի շրջանակներում հաղորդաշարի ավելի քան 300 հերոսներից 80-ը մեկնել են Արցախ։

Tert.am Life-ը զրուցել է «Ծագումով հայեր» նախագծի ղեկավար Մանանա Հակոբյանի հետ։ Վերջինս նշեց, որ իրենց այցի  առիթը առաքելական եկեղեցու Արցախի  թեմի վերակազմավորման 30-ամյակն է։

«Չնայած վերակազմավորման բուն ժամկետը հունիս ամիսը չէ, այլ սեպտեմբերն է, բայց, հաշվի առնելով այն, որ «Ծագումով հայեր» նախագծում բոլորը միասին հավաքվել  են այս ամսվա մեջ, մենք որոշեցինք հիմա տոնել։ Արցախում Պարգև սրբազանի օրհնությամբ այսօր և վաղը տեղի են ունենալու մի շարք հետաքրքիր միջոցառումներ, իսկ վաղը կլինի արդեն պաշտոնական հատվածը»,- ասաց Մանանա Հակոբյանը։

Առավել մանրամասն ներկայացնելով ծրագիրը՝ նա նշեց, որ սպասվում է համերգային հետաքրքիր ծրագիր։ Լինելու են Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Արցախի ջազ բենդը, «Արցախի ձայներ»-ը, Ռոզի Արմենը և մի շարք այլ հայտնի դեմքեր։

Արցախ են մեկնել ոչ միայն մշակույթի ոլորտից արտիստներ, այլ նաև տարբեր ոլորտներից հայտնի գործիչներ։

«Բացի հիմնական նպատակը, մենք ունենք նաև ցանկություն, որ մարդիկ տեսնեն ինչ խնդիրներ կան, նոր ներդրումներ անեն և միասնական լինենք։ «Ծագումով հայեր» նախագծի շրջանակներում մենք կրկին համախմբել ենք շատ լեգենդար մարդկանց՝ աշխարհի տարբեր անկյուններից։ Երգիչներ, արտիստներ, բժիշկներ, բարերարներ, Գլենդելի քաղաքապետը, Կանադայի պատվո հյուպատոսը, Նաջարյաններ ամուսինները, օպերային հայտնի երգիչ Պերճ Քարազյանը։ Նոր հաղորդումներ են նկարահանվում, նոր հերոսներ ենք ձեռք բերում, սակայն իմ հին հերոսները միշտ ինձ հետ են, իմ կողքին են»,- ասաց Մանանան ու հավելեց, որ հյուրերին սպասվում է հետաքրքիր օրակարգ, որի շրջանակներում նրանք կհամտեսեն նաև ժենգյալով հաց, կգնան Գանձասար և մի շարք այլ այցելություններ կունենան։

 ՀեղինակԶառա Ղազարյան
Աղբյուրը՝ Life.tert.am