Բրիտանացի երգչուհի Դուա Լիպան 15 միլիոն դոլարի հայց է ներկայացրել Samsung ընկերության դեմ՝ մեղադրելով նրան իր պատկերն ապօրինի օգտագործելու մեջ. հայտնում է People ամսագիրը՝ հղում անելով դատական փաստաթղթերին:
Կալիֆորնիայի ԱՄՆ շրջանային դատարան ներկայացված հայցի համաձայն՝ Samsung-ն օգտագործել է 30-ամյա երգչուհու ռեպորտաժային լուսանկարը հեռուստացույցների ստվարաթղթե տուփերի վրա, որոնք վաճառվում են ԱՄՆ ողջ տարածքում:
«Պատկերը կեղծ տպավորություն է ստեղծում, թե իբր Լիպան հավանություն է տալիս ապրանքին կամ կապված է դրա հետ, ինչը դրդել է պոտենցիալ սպառողներին գնել այն»,- ասված է հայցում:
Հայցում բերվում են սոցիալական ցանցերում երկրպագուների բազմաթիվ հաղորդագրություններ, որոնք պնդում էին, որ որոշել են գնել հեռուստացույցը՝ տուփի վրա տեսնելով Լիպայի պատկերը։
«Գրեմմի» մրցանակի դափնեկիրը պահանջում է առնվազն 15 միլիոն դոլարի վնասի փոխհատուցում, ինչպես նաև այդ պատկերով հեռուստացույցների վաճառքից ստացված շահույթը:















