Տասնամյակներ անց «Կնքահայրը» նոր պատմություն կունենա

Վերջին ֆիլմից ու վեպից տասնամյակներ անց Կորլեոնե հանցավոր ընտանիքի պատմությունը նոր շարունակություն է ստանում։ Այս անգամ այն առաջին անգամ կներկայացվի կնոջ տեսանկյունից։ Random House հրատարակչությունը Associated Press-ին հայտնել է, որ ձեռք է բերել Մարիո Պյուզոյի ժառանգների կողմից հաստատված նոր՝ «Կնքահայրը» վեպի հրատարակման իրավունքները։ «Connie» վերնագրով գիրքը կհեղինակի բեսթսելերների հեղինակ Ադրիանա Տրիջիանին, իսկ թողարկումը նախատեսված է 2027 թվականի աշնանը։ Գրում է Radar-ը:

Վեպի գլխավոր հերոսուհին Քոնի Կորլեոնեն է՝ Վիտո Կորլեոնեի դուստրը, որի կերպարը ֆիլմերում մարմնավորել է Թալիա Շայրը՝ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի քույրը։ «Connie»-ն «Կնքահայրը» շարքի երրորդ պաշտոնական վեպն է և առաջինը, որը հեղինակել է կին։

Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպը լույս է տեսել 1969 թվականին և դարձել համանուն լեգենդար ֆիլմաշարի հիմքը։ Եռագրության վերջին ֆիլմը՝ «Կնքահայրը. մաս 3»-ը («The Godfather Part III»), թողարկվել է 1990-ին։