Դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը հետաքրքիր խոստովանություն է արել՝ պատմելով, թե ինչպես է իր և կնոջ համար շատ անձնական մի գործ դարձել հանրային: Գրում է BRAVO.am-ը:
«Իմ կիքսը «մերը» դարձրեց «ձերը»»,- նշել է նա ու պատմել, որ Spotify երաժշտական հարթակում սխալ երգ է հրապարակել ու այդպիսով սկիզբ դրել մի չնախատեսված պրեմիերայի:
«Այնպիսի կիքս եմ արել, որը, հնարավոր է, դառնա իմ կյանքի ամենահետաքրքիր պահերից մեկը: Տարիներ առաջ մեր ամուսնության օրը Մարիաննային երգ եմ նվիրել, ու այն մերն է դարձել: Ռոմանտիկ էր. մարդիկ նման բաներ անում են: Ու որոշել էինք, որ այն մեր անձնական երգն է եւ չի հանրայնացվելու: Այդպես կատարումը մեզ հետ մի քանի տարի ապրում էր»,- պատմել է նա:
Ամիսներ առաջ Պապոյանը պետք է «Կրկին փորձիր»-ի պրեմիերայից մի քանի շաբաթ առաջ YouTube-ում եւ Spotify-ում հրապարակեր ֆիլմի սաունդթրեքը, որը կատարում է «Գարիկ եւ Սոնա» բենդը:
«Շատ ծանրաբեռնված էի՝ ֆիլմի երաժշտություն էի գրում, պրեմիերային էինք պատրաստվում ու վերջին մոնտաժային աշխատանքները նայում: Օրերով չէի քնել ու շատ խառն էի: Բայց ամեն ինչ հասցրի, պրեմիերան եղավ, Յութուբում տեսահոլովակը նայեցինք: Spotify-ում մարդիկ ինձ նշում էին ու այնպիսի մեկնաբանություններ գրում, որոնք սաունդթրեքին չէին համապատասխանում: Զարմացա ու որոշեցի երգը լսել, պարզվեց՝ պատահաբար դրել էի իմ ու Մարիաննայի երգը: Այն միանգամից ջնջել հնարավոր չէր. նամակներ գրեցի, 2 շաբաթվա ընթացքում հեռացրին ու ճիշտ երգը դրեցին: Մարդիկ զարմացել էին, թե ինչու երգը փոխվեց: Անցավ մի քանի ամիս, իսկ զգացողությունը, որ միգուցե ճիշտ էր այդ երգը թողարկելը, մնաց»:














