Նաոմի Օսակայի զգեստը հիշեցրել է գիշերային Էյֆելյան աշտարակը

Նաոմի Օսակայի նորաձև կերպարը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել French Open-ում։ Ճապոնացի թենիսիստուհին կորտ է դուրս եկել սև հանդիսավոր կիսաշրջազգեստով և ուլունքազարդ վերնամասով, որոնք հետո հանել է՝ ներկայացնելով ոսկեգույն փայլուն խաղային զգեստը։ Օսական նշել է, որ իր զգեստը հիշեցնում է Փարիզի Էյֆելյան աշտարակը՝ գիշերով․ «Դա շատ կուտյուրային տեսք ունի։ Երբ Էյֆելյան աշտարակը գիշերը փայլում է, ինձ թվում է՝ մի փոքր նման եմ դրան»։ Գրում է Radar-ը:

Թենիսիստուհու խաղային զգեստը ստեղծել է Nike-ը, իսկ արտաքին շքեղ տարրերը՝ շվեյցարացի դիզայներ Քեյվին Գերմանիերը։ Մրցաշարի առաջին խաղում Օսական 6-3, 7-6 հաշվով հաղթել է գերմանացի հակառակորդին։ Օսական վերջին տարիներին հաճախ է աչքի ընկնում յուրահատուկ կերպարներով։ Թենիսիստուհին ասում է, որ նորաձևությունն իր համար ինքնարտահայտման միջոց է․ «Ես շատ չեմ խոսում, դրա համար փորձում եմ խոսել հագուստի միջոցով»։ Նա նաև հավելել է, որ մարզիկները նույնպես շոուբիզնեսի մի մասն են։