«Ես սովորել եմ ճշմարտության աչքերին նայել, ու էդ ամենաբարդն է իմ ապրած կյանքում». Նազենի Հովհաննիսյան

«Սին լավատեսությունը վատ հիվանդություն է, ու ես արդեն երկար է՝ ինչ չեմ տառապում այդ հիվանդությամբ:

Ինձ հիացնում է հավաքական հայ ժողովրդի պարզ սիրտը, հաճախ՝ կույր հավատն ու յուրօրինակ, մանկական պարզամտությունը:

Ես տարօրինակ մարդ եմ. չեմ հիասթափվում, չեմ ատում, ու երբեք չեմ սպասում ավելիին՝ մարդկանցից կամ կյանքից:

Ես անհատից եմ սպասում միայն առավելագույնն ու հավատում եմ անհատի՜ կամքին ու որոշմանը:

«2018- ից հետո ես ավելի պինդ զգացի հողի ուժը, առավել ամուր կառչեցի իմ երկրից, ավելի շատ գտա յուրահատուկ մարդկանց, առավել խորացա հավատքիս մեջ, ավելի ծերացա, ինչ-խոսք, ավելի մենակացա, որովհետև հասունությունը իր հետ բերում է անվերապահ միայնություն, ու դրա մեջ էլ կա մեծ ազատություն:

Ես սովորել եմ չատել, չբանսարկել երբեք ու չանջատել. նայել հայելուն ու տեսնել քո հավաքական պատկերը՝ որպես հայ, տարբեր դիմագծերով, սիրելի կամ ոչ, մարսելի կամ տհաճ: Էդ բոլոր դիմագծերով հանդերձ ես սովորել եմ սթափ նայել, ոչ թե անսթափ լավատեսությամբ խաբել ինձ կամ ուրիշներին՝ «լավ է լինելու- ով» :

«Լավ»-ի չափանիշները տարբեր են պարզվեց, ու հաճախ էդպես էլ չեն խաչվում զուգահեռները… ոչ կյանքի, ոչ գաղափարի, ոչ հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի:

Ես սովորել եմ ճշմարտության աչքերին նայել, ու էդ ամենաբարդն է իմ ապրած կյանքում: Ճշմարտությունը միշտ է դառնահամով, ու խոցող, ու երբեմն ողնաշար կոտրող:

Ես սովորել եմ չկոտրվել, ճշմարտությունը բետոնային համառությամբ պատում եմ գոյությանս ու ավելի ամուր ապրում:

Չկոտրվելն էլ որոշում է, ինչպես չատելը, ներելը, ապրումակցելը, երկիրդ սիրելն ու հայ մնալը…

Ամեն բան որոշում է այսօր. անհատական ու հավաքական որոշում: Ուղղակի անհատին դեմքով գիտես, նկարագիրը գիտես, հավաքականը միշտ անորոշ է, ոչ միշտ քո պատկերացրածի համախմբով, հաճախ՝ խաբուսիկ:

Ինձ դուր է գալիս լինել սթափ, մնալ բաց ու ապրել առանց կույր հավատի կամ անսթափ լավատեսության: Ազատությունն էդտեղ է հենց»,- ֆեյսբուքյան իր էջում անկեղծացել է դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը: Գրում է Tert.am-ը: