Սելենա Գոմեսի ամուսինը՝ Բենի Բլանկոն, խոստովանել է, որ նրա հետ ամուսնանալն իրեն մայրն է խորհուրդ տվել։ Նման բացահայտումներով նա կիսվել է իր Friends Keep Secrets փոդքաստում։
«2019 թվականին ես տեսահոլովակ էի նկարահանում Սելենայի հետ։ Այդ ժամանակ ես հանդիպում էի մեկ ուրիշի հետ։ Մայրս տեսահոլովակի նկարահանումներին էր, նստած էր այնտեղ ու ասում էր. «Թանկագի՛նս, դու պետք է ամուսնանաս Սելենայի հետ»։ Ես ասացի. «Ի՞նչ», իսկ նա՝ «Դու պետք է հանդիպես Սելենայի նման մեկի հետ»», – պատմել է 38-ամյա Բենին։
Բլանկոն նշել է, որ ամեն անգամ, երբ ժամանակ էր անցկացնում Սելենայի հետ (դեռևս նրա հետ հարաբերությունների մեջ չլինելով), մտածում էր. «Աստվա՛ծ իմ, նա այնքան հրաշալի է»։
Հիշեցնենք, որ երգչուհի Սելենա Գոմեսն անցյալ տարի ամուսնացել է երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Զույգը երկար ժամանակ քննադատության էր ենթարկվում. շատերը կարծում էին, որ Գոմեսի նման աստղն արժանի է ավելի լավ տղամարդու։ Ավելի վաղ Սելենայի ամուսնուն քննադատել էին փնթիության համար, սակայն երգչուհին աջակցել էր նրան։

















