Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»

Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) 96-րդ գլխավոր ասամբլեայում, որը հունիսի 25-ին տեղի է ունեցել Պրահայում, «CBC/Radio-Canada»-ն դարձել է կազմակերպության լիիրավ անդամ։ Այդ որոշումը տեսականորեն Կանադային հնարավորություն է տալիս մասնակցելու «Եվրատեսիլ» երգի մրցույթին։ ԵՀՄ-ի հաղորդմամբ՝ լիիրավ անդամ դառնալուց հետո կանադական հեռարձակողը հասանելիություն կունենա կազմակերպության համագործակցության ամբողջ հարթակին՝ ներառյալ լրագրողական հետաքննությունների, փաստերի ստուգման, թվային նորությունների և տվյալների ցանցերը, ինչպես նաև «Eurovision News Exchange» և «Euroradio Music Exchange» ծառայությունները։ Գրում է Radar-ը:

Ներկայումս Եվրոպական հեռարձակողների միությունը միավորում է 57 երկրների 115 կազմակերպություն։ Կանադան մինչ օրս չի մասնակցել «Եվրատեսիլին»՝ ի տարբերություն Ավստրալիայի, որը վերջին տարիներին մրցույթի մշտական մասնակիցներից է։ Հատկանշական է, որ կանադացի երգչուհի Սելին Դիոնը 1988 թվականին ներկայացրել է Շվեյցարիան՝ «Ne partez pas sans moi» երգով և հաղթել մրցույթում։