Երգիչ Եսայի Ալթունյանը պարգևատրվել է ֆրանսիական Արվեստների և գրականության ասպետի շքանշանով

Ֆրանսահայ հայտնի երգիչ, երգահան և պրոդյուսեր Եսայի Ալթունյանը պարգևատրվել է ֆրանսիական Արվեստների և գրականության ասպետի շքանշանով։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։

«Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում շքանշանը նրան հանձնել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Ատալը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ալթունյանին այս բարձր պետական պարգևը շնորհվել է արվեստի, երաժշտության և մշակույթի ոլորտներում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության հանրահռչակման և Ֆրանսիայի ու Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված երկարամյա նվիրված գործունեության համար։

Հիշեցնենք` Եսայի Ալթունյանը 2015 թվականի մայիսին «Genealogy» խմբի կազմում Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում։