Օսկարակիր Պավել Պավլիկովսկին՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է

Օսկարակիր Պավել Պավլիկովսկին՝ արդի եվրոպական կինոյի գեղարվեստապես ամենակայացած հեղինակներից մեկը, «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է։ Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» կինափոռատոնից։ 

«Վերջին երեք տասնամյակում նա նկարահանել է ընդամենը 6 խաղարկային լիամետրաժ ֆիլմ, սակայն դրանցից յուրաքանչյուրը մի ուրույն իրադարձություն է դարձել կինոյի աշխարհում։ «Իմ սիրո ամառը» (2004), «Իդա» (2013), «Սառը պատերազմ» (2018)` այս ֆիլմերը ոչ միայն բազմաթիվ մրցանակներ են ստացել, այլև անջնջելի տեղ են զբաղեցնում անգամ լայն կինոհանդիսատեսի գիտակցության մեջ։

Ֆիլմ առ ֆիլմ Պավլիկովսկին զտել է իր ինքնատիպ ոճը, որտեղ սև-սպիտակ սառնության ներքո ամենագույնզգույն զգացմունքներն են եռում՝ անհատական ապրումներ, որոնք Եվրոպա աշխարհամասի 20-րդ դարում վերապրած սոցիալ-հոգեբանական մեծագույն փոփոխությունների հայելին են դառնում։ Այս իմաստով՝ Պավլիկովսկին հիրավի մեր օրերի մեծագույն պատմագիրներից է, որի վերջին երեք ֆիլմերը եվրոպական նորագույն պատմության ամենամերկացնող մեկնությունների շարքում են»,- նշում են փառատոնից։

Պավել Պավլիկովսկու սև-սպիտակ գեղարվեստական մտորումները հետպատերազմյան Եվրոպայի վերքերի շուրջ շարունակվում են նրա վերջին՝ «Հայրենիք» ֆիլմում, որի համար «Ոսկե ծիրան» 23-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրն ընդամենը մեկ ու կես ամիս առաջ Կաննում արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։ Ֆիլմի Երևանյան պրեմիերան տեղի կունենա «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի շրջանակում։

Ֆիլմում 1949 թվականն է։ Հանճարեղ գերմանացի գրող Թոմաս Մանը վերադառնում է Գերմանիա։ Այս ուղևորությանը նրան ուղեկցում է դուստրը՝ Էրիկա Մանը, որը ոչ միայն ինքնին կայացած գրող է, այլև պետք է ծառայի որպես հոր քարտուղար։ Սա այն Գերմանիան չէ, որից Մանը հեռացել էր դեռ 1933 թվականին՝ նացիստների իշխանության գալուն պես։ Սա ավերված ու երկու հակադիր ճամբարների միջև բաժանված հայրենիք է, որը տոտալ կործանումից հետո քաոսի, նվաստության, մեղքի և ամոթի մեջ հին ինքնության նշույլներն է փնտրում։ Ոմանք ջանում են վերակառուցել Գերմանիան՝ Թոման Մանի պես մտավորականների ուսերին, ոմանք էլ մեղադրում են նրան դավաճանության մեջ։ Մանը պետք է որոշի որ դերը ստանձնել։

Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողի դերում դեռևս Վիմ Վենդերսի «Ժամանակի ընթացքում» (կամ «Ճանապարհի արքաները») լեգենդար կինոնկարից հայտնի Հանս Ցիշլերն է, իսկ Էրիկային մարմնավորում է արդի գերմանական կինոյի ամենանշանավոր դերասանուհի Զանդրա Հյուլերը։