Բրիտանացի պատգամավորները կոչ են արել արգելել «Մաշան և արջը» մուլտֆիլմը երկրի տարածքում։
Guardian-ը գրել է, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի 50 անդամներից բաղկացած խումբը պահանջել է կառավարությունից արգելել մանկական «Մաշան և արջը» մուլտֆիլմը, այն բանից հետո, երբ Netflix-ը ձեռք է բերել ևս երկու եթերաշրջանի իրավունքները։ Այն համարել են «ռուսական քարոզչություն»։
«Միջկուսակցական պատգամավորների մի խումբ նամակ է հղել նախարարներին՝ կոչ անելով նրանց քննարկել Մեծ Բրիտանիայում «Մաշան և արջը» մուլտֆիլմի արգելման հարցը՝ պնդելով, որ այն ռուսական քարոզչության ձև է», – գրում է թերթը։
Մասնավորապես, պատգամավորները մատնանշում են մի տեսարան, որտեղ Մաշան կրում է «տանկիստի գլխարկ և խորհրդային դարաշրջանի համազգեստ», ինչպես նաև մեկ այլ տեսարան, որտեղ նա կրում է «խորհրդային սահմանապահի գլխարկ»: Այս առումով պատգամավորները բողոքում են, որ մուլտֆիլմը, իբր, նորմալացնում է խորհրդային ռազմական խորհրդանիշները:
Animaccord ընկերությունը, որը մշակում, արտադրում և տարածում է մուլտֆիլմը, հրատարակությանը հայտնել է, որ այն մասնավոր բիզնես է և երբեք պետական ֆինանսավորում չի ստացել։
Ռիա նովոստին գրում է, որ «Մաշան և արջը» Animaccord ստուդիայի մուլտսերիալ է, որը թարգմանվել է ավելի քան 40 լեզուներով և հեռարձակվել աշխարհի գրեթե բոլոր անկյուններում առաջատար մեդիա ընկերությունների կողմից։ 2020 թվականի ապրիլին մուլտսերիալը աշխարհի ամենասիրված հինգ զվարճանքի ապրանքանիշերի շարքում էր։
Աղբյուրը`Panorama.am















