Սեդրակ Գոջամանյանի «Մնա» ներկայացման պրեմիերան՝ հայտնի դերասանների մասնակցությամբ ու ինտրիգային շրջադարձերով

Հուլիսի 29-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի «Մնա» /«Մոռանալու նուրբ արվեստը»/ ներկայացման պրեմիերան, որն անցավ հանդիսատեսի բուռն օվացիաների ներքո։

Ներկայացման հիմքում ինքնատիպ և անսպասելի զարգացումներով հագեցած պատմություն է։ Քաղաքի գլխավոր հոգեբանի մոտ հայտնվում է սկլերոզով հիվանդ մի տղամարդ, որն իր արտասովոր վարքով փոխում է իր շուրջ ստեղծված իրականությունը։ Սակայն շուտով իրավիճակն անսպասելի շրջադարձ է ստանում. հիշողության խանգարման առաջին նշաններն աստիճանաբար սկսում են ի հայտ գալ արդեն հենց հոգեբանի մոտ։ Հումորի, հոգեբանական լարվածության և դրամատիկական լուծումների համադրությամբ ներկայացումը հանդիսատեսին առաջնորդում է դեպի ներելու, հիշողության, ցավի և մարդկային հարաբերությունների մասին կարևոր մտորումներ։

Բեմադրող ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի խոսքով՝ ներկայացման գլխավոր նպատակը հասարակության համար կարևոր թեմաների մասին խոսելն է.

«Կարծում եմ՝ երբեմն պետք է խոսել այնպիսի բաների մասին, որոնց մասին մարդիկ հաճախ չեն խոսում, որովհետև վախենում են փող չաշխատելուց։ Պետք է վեր բարձրացնել պրոբլեմները, որովհետև մենք շատ ենք չարացել։ Երևի 6-7 տարի է՝ բոլոր ներկայացումները դավաճանության մասին են։ Հիմա մենք ուզում ենք խոսել չչարանալու մասին, մոռանալու մասին՝ թե իրար ինչեր ենք ասել, ինչպես ենք վիրավորել, որովհետև ցավը բերում է զայրույթ, զայրույթը՝ փոխադարձ վիրավորանք, իսկ մեր ազգը պետք ունի խաղաղվելու»։

Պիեսի հեղինակ Արմեն Վարդանյանի խոսքով՝ «Մնա»-ն իրենց ստեղծագործական թիմի համար նոր և համարձակ փորձ էր, որը պահանջում էր բոլորովին այլ մոտեցում։

«Այս տիպի գործ չէինք արել, որ անընդհատ բացահայտման մեջ լինի, և այս տիպի գործի մեջ դերասանների տրանսֆորմացիան իսկապես բարդ խնդիր էր։ Այս անգամ ես և Սեդրակը փորձեցինք ծանր բեռ վերցնել մեր ուսերին, քանի որ այս տիպի ներկայացում դեռ չէինք արել։ Որպես պրեմիերա՝ ես գոհ եմ, կարծում եմ՝ սա որպես առանձին պատմություն կհետաքրքրի հանդիսատեսին։ Չկա այն հայկական կենցաղը, որը, բնական է, կա մեր ներկայացումներում. մենք փորձեցինք մի քիչ այլ մոտեցում ցուցաբերել, ինձ թվում է՝ ստացվեց»։

«Մնա» ներկայացման գրաֆիկական դիզայնի և երաժշտական ձևավորման հեղինակը Արտեմ Ղարիբյանն է, բեմանկարիչը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Գարեգին Եվանգուլյանը, զգեստների ձևավորողը՝ Մարինե Թադևոսյանը, գործադիր պրոդյուսերը՝ Համլետ Գալուստյանը, տնօրեն՝ Սիմոն Սարգսյան։

Ներկայացման դերերում հանդես են գալիս Վաչե Երիցյանը, Ավետ Զոհրաբյանը, Տոմա Պետրոսյանը, Մագա Հարությունյանը և Սուրեն Փահլևանյանը։

«Մնա» /«Մոռանալու նուրբ արվեստը»/ ներկայացման հաջորդ ցուցադրությունը կկայանա օգոստոսի 26-ին՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։