Ջարեդ Լետոն հերքում է դեռահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքները

Դերասան և երգիչ Ջարեդ Լետոն հերքել է չորս կանանց կողմից ներկայացված՝ քրեական սեռական վարքագծի վերաբերյալ մեղադրանքները։ Ըստ պնդումների՝ ենթադրյալ դեպքերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ կանայք դեռահասներ են եղել։ Գրում է Radar-ը:

BBC-ի հաղորդած տվյալներով՝ դեպքերը ենթադրաբար տեղի են ունեցել 2002-2016 թվականներին, երբ դերասանը եղել է 30-40 տարեկան։ Այժմ նա 54 տարեկան է։ Կանանցից մեկը պնդում է, որ Օսկարի մրցանակակիր դերասանը իրեն սեռական բռնության է ենթարկել հյուրանոցի լոգարանում, երբ ինքը 17 տարեկան էր։ Մեկ այլ կին հայտարարել է, որ 19 տարեկանում Լետոն իրեն սպառնացել է սեռական բռնությամբ, երբ հյուրանոցային համարում անսպասելիորեն միայնակ է մնացել նրա հետ։

BBC-ն նշել է, որ չնայած Լետոյի հետ կապ հաստատելու բազմաթիվ փորձերին՝ դերասանը չի պատասխանել իրեն ուղղված մեղադրանքներին։

Վավերագրական ֆիլմի հրապարակումից մի քանի ժամ անց Լետոյի ներկայացուցիչը նրա անունից հայտարարություն է տարածել՝ նշելով․ «Ես իմ ամբողջ կյանքում երբեք որևէ մեկի նկատմամբ սեռական բռնություն չեմ գործադրել։ Այս պնդումները բացարձակապես և միանշանակ կեղծ են»։