Դերասան Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը

Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը, որը հայտնի է հատկապես «Գառների լռությունը» ֆիլմում մարմնավորած իր դերով, 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային «Life Is a Dream» («Կյանքը երազ է») երաժշտական ալբոմը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ալբոմում ներկայացված են նվագախմբի համար ստեղծագործություններ, որոնք Հոփքինսը գրել է 60 տարվա ընթացքում։

Դասական երաժշտության աշխարհի ամենահեղինակավոր լեյբլներից մեկի՝ «Decca Classics»-ի կողմից թողարկված ալբոմի ձայնագրմանը մասնակցել է ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ վենեսուելացի դիրիժոր Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ։

Ալբոմում 12 ստեղծագործություն է ներառված։ Սթրիմինգային ծառայություններից բացի, այն կարելի է ձեռք բերել ձայնասկավառակի և վինիլային ձայնապնակի տեսքով։

«Երաժշտությունն իմ առաջին ցանկությունն էր, իմ երազանքը։ Ես երաժշտություն եմ գրում ամբողջ կյանքիս ընթացքում։ Այս ստեղծագործություններից մի քանիսն ապրում են իմ մեջ տասնամյակներ շարունակ, և եu մինչ օրս վերադառնում եմ դրանց»,- նշված է Հոփքինսի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է «Decca Classics»-ի կայքում։

Ընդգծվում է, որ կոմպոզիտորի երաժշտությունն աչքի է ընկնում նույն հուզական խորությամբ և պատմողականությամբ, ինչ այն ֆիլմերը, որոնցում նա նկարահանվել է։

«Սա անձնական երաժշտական հուշագրություն է՝ ոգեշնչված մտերիմ մարդկանցից, երևակայությունից ու ժառանգությունից»,- նշված է հրապարակման մեջ։

Հուլիսին Հոփքինսը թողարկել էր «1947: Suite for Solo Piano & Orchestra: II. Bracken Road» սինգլը, որը նույնպես ընդգրկվել է ալբոմում։ Ստեղծագործությունը գրվել է 1963 թվականին, երբ դերասանն աշխատում էր Լիվերպուլի թատրոնում։