Met Gala-ի կազմակերպիչները դիտարկում են 2027 թվականի ավանդական միջոցառման անցկացման ամսաթիվը տեղափոխելու հնարավորությունը՝ դրա թեմայի շուրջ հասունացող սկանդալի ֆոնին, հայտնում է JustJared-ը։
Հաջորդ տարվա ցուցահանդեսի թեման, որը ստացել է «John Galliano: Horizons» («Ջոն Գալյանո․ Հորիզոններ») անվանումը, ազդարարվել էր հուլիսի 31-ին, սակայն արագորեն բախվել է դժգոհության ալիքի։ Պատճառը Գալյանոյի անցյալի արտահայտություններն են, որոնք իր ժամանակին նրան զրկեցին Dior-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից։
Իրավիճակը սրվել է օրացուցային համընկնման պատճառով։ Ավանդաբար Met Gala-ն անցկացվում է մայիսի առաջին երկուշաբթի օրը, որը 2027 թվականին համընկնում է մայիսի 3-ին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա հետ։ Հովանավորները սպառնացել են հետ կանչել իրենց նվիրատվությունները, եթե ցուցահանդեսն անցկացվի պլանավորված ձևաչափով։ The New York Times-ի փոխանցմամբ՝ այժմ թանգարանի ղեկավարությունն ու հոգաբարձուների խորհուրդը փորձում են վերահսկել հեղինակությանը հասցված վնասը՝ լուրջ քննարկելով միջոցառման ամսաթվի տեղափոխումը։
Ի պատասխան քննադատությանը՝ թանգարանի տնօրեն Մաքս Հոլյայնը հանդես է եկել հայտարարությամբ: Նրա խոսքով՝ ղեկավարությունը մշակում է ցուցահանդեսի մտածված ծրագիր, որը խստորեն կհամապատասխանի բարոյական և էթիկական չափանիշներին։















