«Սարդ-մարդը» ֆիլմի աստղի աղմկոտ հարսանիքը. ճոխ տոնակատարություն՝ Ֆրանսիայի հարավում

«Սարդ-մարդը» ֆիլմի աստղ Ջեյքոբ Բատալոնն ու նրա կինը՝ դիզայներ Վերոնիկա Լեախովը, իրենց երկրորդ հարսանեկան արարողությունը նշել են շքեղ եռօրյա տոնակատարությամբ Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնում է People-ը։

Միջոցառումը տևել է երեք օր՝ օգոստոսի 25-ից 27-ը, զույգի՝ հուլիսին մտերմիկ մթնոլորտում ամուսնությունը պաշտոնապես գրանցելուց մեկ ամիս անց։ Արարողությանը հրավիրված է եղել 56 հյուր, որոնց թվում են եղել «Սարդ-մարդու» նկարահանման հրապարակում Բատալոնի գործընկերները՝ Թոմ Հոլանդն ու Զենդեյան, ինչպես նաև ֆիլմի այլ աստղեր։

Տոնակատարությունն անցկացվել է Ֆրանսիայի հարավում գտնվող պատմական կալվածքում՝ աչքի ընկնելով հատուկ «ռոմանտիկայով ու էլեգանտությամբ»։ Ամենասկզբում հյուրերին սպասվում էր ողջույնի ընթրիք բաց երկնքի տակ, իսկ տոնակատարության ավարտին տեղի է ունեցել հրաժեշտի բրանչ։ Նորապսակները նշել են, որ ընտրել են այդ վայրը, քանի որ այն իրենց «առանձին փոքրիկ աշխարհ» է թվացել։ «Մենք սիրահարվեցինք տեղի բնապատկերներին, ճարտարապետությանը, ամառային լույսին և Պրովանսի անկաշկանդ էլեգանտությանը»,- պատմել է զույգը։

«Մենք միշտ գիտեինք, որ ցանկանում ենք, որ մեր հարսանիքը չսահմանափակվի մեկ երեկոյով,- People-ին տված հարցազրույցում պատմել են Բատալոնն ու Լեախովը։- Մենք ցանկանում էինք ստեղծել հատուկ իրադարձություն՝ մի քանի հրաշալի օր, երբ մեզ համար թանկ բոլոր մարդիկ կարող էին ոչ մի տեղ չշտապել, լինել միասին և մեզ հետ կիսել այս տոնը»։