«Անցել եմ ռեմիսիայի»․ Սիմոնյանը մեկնաբանել է հիվանդությունը հաղթահարելու մասին լուրերը

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր ինքը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը:

Նախօրեին նա հայտնել էր ստուգողական հետազոտություն անցնելու մասին։ Հոսպիտալում արված տեսագրության մեջ նա շնորհակալություն է հայտնել ՝ նշելով, որ ամեն ինչ կարգին է: Դրանից հետո մի շարք լրատվական կայքեր և գործակալություններ հայտնել են, որ նա հաղթահարել է քաղցկեղը:

Այսօր Սիմոնյանը հերքել է այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ ուռուցքի դեմ դեմ իր պայքարը շարունակվում է։

«Սիրելիներս, կարդացի, թե Մարգարիտա Սիմոնյանը հաղթահարել է կրծքի քաղցկեղը և ահավոր ուրախանում եմ, թեև տեղեկությունը ճիշտ չէ: Մենք՝ լրագրողներս, սիրում ենք մի քիչ չափազանցնել. կրծքագեղձի քաղցկեղը մեկ տարում հնարավոր չէ հաղթահարել։ Բոլոր աղջիկները, որ անցնում են դրա միջով, գիտեն, որ ժամկետը հինգ տարի է։ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ձեր աղոթքներով, Տիրոջ զորությամբ, նշանակում է, որ երեկ անցած համակարգչային շերտագրմամբ պարզվել է, որ նոր չարորակ նորագոյացություններ չեն հայտնաբերվել: Բայց ինչպես մեզ մոտ են ասում՝ դա նշանակում է, որ ռեմիսիայի մեջ եմ», – պարզաբանել է Սիմոնյանը։

Նա հիշեցրել է, որ ավշային հանգույցներից տուժած բջիջները կարող են մարմնում ակտիվ մնալ մինչև 5 տարի այն վիրահատությունից հետո, որը նա կատարել էր անցած տարի:

«Առջևում 4 տարվա պայքար կա՝ «եռակի հորմոնալ բուժում՝ իր պրոգրեսիվ կողմնակի ազդեցություններով»,- ասել է նա։

Սիմոնյանի մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել էր 2025 թվականի սեպտեմբերի սկզբին, որից հետո նա ենթարկվեց վիրահատության և քիմիաթերապիայի։ Նրա խոսքով, հիվանդությունն իր մոտ արագ է զարգացել սթրեսի և ապրումների պատճառով։