Իլոն Մասկի նախկին կինը, ով նրանից վեց երեխա է ունեցել, հայտարարել է, որ միլիարդատերը մանիպուլյացիայի է ենթարկել և նվաստացրել իրեն իրենց ամուսնության ընթացքում: Այս մասին Ջասթին Մասկը պատմել է գործարարի մասին վավերագրական ֆիլմում, հայտնում է Page Six-ը:
«Մասկ» ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի այս տարվա կինոփառատոնում, Ջասթինը խոստովանել է, որ գործարարի հետ ամուսնության ընթացքում իրեն «ոչնչություն» է զգացել և «գազլայթինգ» տերմինին ծանոթացել է հենց այդ հարաբերությունների շնորհիվ:
«Նա անդադար մատնանշում էր իմ թերությունները»,- հայտարարել է 54-ամյա Ջասթինը ռեժիսոր Ալեքս Գիբնիի չորսժամանոց ֆիլմում՝ իր հետ գործարարի շփման ոճը համեմատելով աշխատակցի հետ խոսող ղեկավարի վարքագծի հետ:
Մասկից բաժանվելուց հետո (ով այժմ մոլորակի ամենահարուստ մարդն է) Ջասթինը հիմնականում լռություն է պահպանել իրենց հարաբերությունների մասին: Մինչդեռ Մասկն ունեցել է ևս ութ երեխա՝ երգչուհի Գրայմսից, իր աշխատակից Շիվոն Զիլիսից և գրող Էշլի Սենտ-Քլերից: Ինչպես հայտնում է The Times թերթը, Ջասթինը ֆիլմում նշել է, որ Իլոնն իր երեխաների մայրերին անվանում է «սերունդ արտադրողներ»:
Ֆիլմում Ջասթինը հերքել է նաև Իլոնի այն հայտարարությունը, թե իբր ինքն է գրկում պահել իրենց առաջնեկին՝ Նևադային, երբ բժիշկներն անջատում էին նրան կյանքի ապահովման ապարատներից՝ պնդելով, որ դա ինքն է եղել: (Հիշեցնենք, որ 10 շաբաթական հասակում նրանց որդու շնչառությունը դադարել էր քնած ժամանակ. բժիշկները ախտորոշել էին մանկան հանկարծամահության համախտանիշ: Երեխան երեք օր անցկացրել է ապարատների տակ, ինչից հետո ծնողները որոշում են կայացրել անջատել դրանք):
Բացի այդ, Ջասթինը պատմել է իր նախկին ամուսնու հեռվանալու մասին իրենց տրանսգենդեր դստերից՝ Վիվիանից, ում Մասկը 2024 թվականին անվանել էր ««արթնացած գիտակցության» վիրուսից սպանված»: Ջասթինի խոսքով՝ Իլոնը «երբեք չի փորձել հարաբերություններ կարգավորել» իրենց երեխայի հետ, քանի որ դա «նրա բնավորության մեջ չկա», բայց իբրև թե հանձնարարել է նախկին կնոջը Վիվիանին փոխանցել. «Ես նրան միշտ կսիրեմ»: Իսկ հետո Վիվիանին զրկել է բժշկական ապահովագրությունից:
Ֆիլմի մեկ այլ դրվագում Ջասթինը հիշել է նախկին ամուսնու բարդույթներն իր արտաքինի վերաբերյալ՝ մեջբերելով նրա խոսքերը. «Ես չեմ կարող թրենդային կամ ոճային տեսք ունենալ, որովհետև պետք է ինժեների տեսք ունենամ»:
















