Արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի նոր հուշագրության օրինակները գողացվել են գրքի պաշտոնական հրապարակումից օրեր առաջ։ Գրում է Tert.am-ը:
Ըստ աղբյուրի Նիդերլանդներում բեռնատարից գողացվել է «Swan Song: Diana, My Sister» գրքի չորս օրինակ։ 62-ամյա Չարլզ Սփենսերի հուշագրությունը նախատեսվում է հրապարակել սեպտեմբերի 22-ին։ Բեռնատարը գրքի օրինակները տեղափոխում էր Նիդերլանդների պահեստ՝ հետագա տարածման համար։ Վարորդը գիշերը կանգ է առել քնելու, իսկ առավոտյան հայտնաբերել է, որ մեքենան կողոպտվել է։

Ըստ աղբյուրի՝ գողերը վերցրել են միայն Սփենսերի գրքի մի քանի օրինակ։ Միջադեպը հետաքննում է Նիդերլանդների ոստիկանությունը։ Դեպքը չափազանց կասկածելի է, քանի որ գրքի բովանդակության արտահոսքը կանխելու համար անվտանգության խիստ միջոցներ էին ձեռնարկվել։ «Swan Song: Diana, My Sister»-ի մասին հայտարարվել էր անցյալ ամիս։

Գիրքը ներկայացվում է որպես Սփենսերի առաջին մանրամասն անդրադարձը քրոջ՝ Դիանայի կյանքին ու իրենց հարաբերություններին։ Սփենսերը նշել է, որ գրելու որոշումը կայացրել է Դիանայի մասին բազմաթիվ հարցազրույցների առաջարկներ ստանալուց հետո՝ նրա մահվան 30-րդ տարելիցի կապակցությամբ։ Նա գրքում խոստանում է Դիանայի կյանքի մասին պատմել իր՝ եղբոր տեսանկյունից՝ ընդգծելով, որ ցանկանում է ներկայացնել քրոջ մասին իր անձնական հիշողություններն ու պատմությունները։















