Իսպանիայում կանցկացվի Սան Սեբաստիանի 74-րդ կինոփառատոնը․ հայտնի են պատվավոր մրցանակակիրները

Սեպտեմբերի 18-ից 26-ը Իսպանիայում կանցկացվի Սան Սեբաստիանի կինոփառատոնը, որին կմասնակցեն Հոլիվուդի հայտնի աստղեր Նաոմի Ուոթսը, Բրեդ Փիթը և Պենելոպե Կրուսը։ Այս մասին գրում է France 24-ը։ Փառատոնի կարմիր գորգին կքայլեն նաև Մարիոն Կոտիյարը, Օռլանդո Բլումը, Ռիկարդո Դարինը, Ջերեմի Այրոնսը, Ռամի Մալեքը և Դիեգո Լունան։ 57-ամյա Նաոմի Ուոթսը սեպտեմբերի 19-ին կստանա «Դոնոստիա» պատվավոր մրցանակը՝ կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։ Գրում է Tert.am-ը:

Փառատոնի կազմակերպիչները նրան անվանել են իր սերնդի ամենատաղանդավոր և ճանաչված դերասանուհիներից մեկը։ Մեծ Բրիտանիայում ծնված ավստրալացի դերասանուհին մրցանակի է առաջադրվել «21 գրամ» (2003) և «Անհնարինը» (2012) ֆիլմերում կերտած իր դերերի համար։

Փառատոնի բացման օրը «Դոնոստիա» մրցանակի կարժանանա նաև գերմանացի ռեժիսոր Վերներ Հերցոգը։ Նրա ստեղծագործական կարիերան ներառում է շուրջ 70 ֆիլմ։ Սան Սեբաստիանի կինոփառատոնի 74-րդ թողարկման գլխավոր մրցանակի համար կպայքարի 17 ֆիլմ։

Դրանք կգնահատի ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի գլխավորած ժյուրին։ «Ոսկե խեցին»՝ լավագույն ֆիլմի գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարաինի «Իմ տխուր մեռյալը» մինի-սերիալը։ Այն նկարահանվել է արգենտինացի գրող Մարիանա Էնրիկեսի պատմվածքների հիման վրա։ Լարաինը հայտնի է «Ոչ», «Ներուդա» ֆիլմերով, ինչպես նաև Ժակլին Քենեդիի, արքայադուստր Դիանայի և Մարիա Կալասի մասին իր ֆիլմերով։ Նրա նոր աշխատանքը պատմում է վերջերս թոշակի անցած բժշկի մասին։