Առաջին ալիքը ներկայացրել է նոր պատմական սերիալի առաջին պաշտոնական կադրերը

Առաջին ալիքը ներկայացրել է իր նոր պատմական բազմասերիանոց ֆիլմի առաջին պաշտոնական կադրերը։ Դրանք ներառվել են հեռուստաընկերության 70-ամյակին նվիրված աշնանային եթերաշրջանի թրեյլերում, որի մեկնարկը նախատեսված է սեպտեմբերի 21-ին։ Գրում է POP անկյունը:

Առաջին ալիքը նախագիծը ներկայացնում է որպես «հայկական հեռուստատեսության պատմության ամենամասշտաբային սերիալ»։ Պատմության առանցքում անկախության գաղափարն է՝ որպես անձնական ընտրություն, ինչպես նաև ժողովրդի և պետության ճակատագիր։

Սերիալի իրադարձությունները ծավալվում են Առաջին Հանրապետության տարիներին և հետևում են երկու ընտանիքների պատմությանը՝ հանցանքի ու պետության բախման ֆոնին։

Հիշեցնենք, որ սերիալի ռեժիսորն Արման Գևորգյանն է, պրոդյուսերը՝ Լիանա Սմբատյանը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Թելման Խաչատրյանը, Միլենա Ղազարյանն ու Հրանտ Հովսեփյանը։ Դերասանական կազմում են նաև Վարուժան Մարգարյանը, Աննա Մանուչարյանը, Յուլիա Ֆինկը և այլք։