Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի անձնական հեռախոսահամարը հայտնվել է համացանցում այն բանից հետո, երբ տարածվել է դպրոցականների ծնողների WhatsApp խմբի հաղորդագրությունների սքրինշոթը: Գրում է Tert.am-ը:
Մեգանին խմբում ավելացրել էին այն ժամանակ, երբ նրա 7-ամյա որդին՝ արքայազն Արչին, պետք է սկսեր հաճախել նոր դպրոց։ Ըստ The Sun-ի՝ հեռախոսահամարի տարածումը անհանգստություն է առաջացրել արքայական ընտանիքում։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Արչին և նրա 5-ամյա քույրը՝ արքայադուստր Լիլիբեթը, անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով փոխել են դպրոցը՝ այնտեղ ընդամենը երկու օր հաճախելուց հետո։ Սասեքսների ներկայացուցիչը այս շաբաթ հաստատել է երեխաների դպրոցը փոխելու փաստը։
Հարիի և Մեգանի նոր տան, ինչպես նաև նրանց երեխաների նախկին և ներկայիս դպրոցների գտնվելու վայրերը չեն հրապարակվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Հիշեցնենք, որ անվտանգության հարցը տարիներ շարունակ տարաձայնությունների պատճառ է եղել արքայազն Հարիի և նրա հոր՝ թագավոր Չարլզ III-ի միջև։ Սասեքսների՝ Միացյալ Թագավորություն վերադարձը ևս, ըստ հրապարակումների, անսպասելի էր։ Տեղեկությունների համաձայն՝ Բուքինգհեմյան պալատում նրանց վերադարձի մասին իմացել են այդ մասին լուրերի տարածումից ընդամենը օրեր առաջ։















