Սեպտեմբերի 20-ից «Արմենիա ԹԻ-ՎԻ»-ի եթերում կմեկնարկի Կամո Սեյրանյանի նոր խոհարարական հաղորդումը՝ «Համ ու Դամ»-ը։ Գրում է Tert.am-ը:
Նոր ձևաչափով հաղորդման շրջանակում Կամո Սեյրանյանը բացում է իր տան բակի դռներն ու հեռուստադիտողին հրավիրում մի միջավայր, որտեղ կրակը թեժ է, հյուրերն՝ անկեղծ, իսկ զրույցները՝ առանց նախապես գրված սցենարի։

Կամո Սեյրանյանը մասնագիտությամբ խոհարար չէ, սակայն խոհարարության հանդեպ նրա սերը ձևավորվել է դեռ մանկության տարիներին։ Երաժշտությունը ևս նրա կյանքի անբաժան մասն է, և հենց այս երկու նախասիրությունների միավորումից էլ ծնվել է «Համ ու Դամ» նախագիծը։

Հաղորդման յուրաքանչյուր թողարկմանը Կամոյին կմիանան նոր հյուրեր՝ իրենց պատմություններով, երգով ու երաժշտությամբ։ Ուտեստների պատրաստման ամբողջ ընթացքը ներկայացվելու է մանրամասն, սակայն նախագծի հեղինակների համար գլխավոր բաղադրիչը մարդիկ են ու նրանց միջև ստեղծվող ջերմ մթնոլորտը։

«Համ ու Դամ»-ի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է։ Հաղորդումը կունենա 12 թողարկում։ «Համ ու Դամ»-ի պրեմիերան՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 20:30-ին է՝ «Արմենիա ԹԻ-ՎԻ»-ի եթերում։
















