Ծնողի համար սա կարևոր ու հուզական շրջան է. Արաքսյա Մելիքյանը՝ որդու ծառայության մասին

Դերասանուհի Արաքսյա Մելիքյանի որդին շաբաթներ առաջ մեկնել է պարտադիր զինվորական ծառայության։ Գրում է Tert.am-ը: Դերասանուհին այդ առիթով հրապարակում էր արել՝ գրելով.

«Իմ տան լվացքի պարանը իմ կյանքի ընթացքի լուռ վկան ու օգնականն է… Այս պարանն իր ուսերին կրում է իմ տան մաքրությունն ու ուրախությունը։ Երբ առաջին անգամ կախեցի որդուս զինվորական համազգեստը, մատներս հիշեցին նրա ամենափոքր հագուստները։ Սիրտս ջերմացավ կյանքի այս շրջանն ապրելու օրհնանքից։ Ու տա Աստված՝ այս պարանը տեսնի հարսանեկան վերնաշապիկ ու ժամանակի մեջ էլի մանկական բազում հագուստներ»։

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ որդին ծառայության մեջ է սովորական պայմաններով, ինչպես մյուս զինվորները, և չի ցանկանում, որ նրա շուրջ ավելորդ ուշադրություն լինի։

«Ծնողի համար, իհարկե, սա կարևոր ու հուզական շրջան է, բայց ավելորդ ուշադրությունը ոչ մի լավ բան չի բերի։ Ինքը ծառայում է սովորական, բոլոր զինվորների պես։ Իմ տղան ոչ մի բանով առավել չէ, ինքը ծառայում է սովորական, շարքային, բոլորի պես»,– ասաց դերասանուհին Tert.am Life-ի հետ զրույցում։ Արաքսյա Մելիքյանը հավելեց, որ ցանկանում է՝ որդին և բոլոր զինվորները խաղաղ ու բարեհաջող ավարտեն ծառայությունը։

«Թող հանգիստ ծառայի, նորմալ, խաղաղ գա, վերջ։ Բոլորին անխտիր՝ բոլոր զինվորներին խաղաղ ծառայություն եմ ցանկանում»,– նշեց նա։