Երեք տարի է՝ ամուսնացած եմ, կյանքս 180 աստիճանով փոխվել է. Անի Թովմասյանը՝ ամուսնու հետ ծանոթության և Հայաստան վերադառնալու պատճառի մասին

Հոկտեմբերի 10-ին Հայաստանում առաջին անգամ մենահամերգով հանդես կգա երգչուհի Անի Թովմասյանը (Շպռոտ)։ Վերջին անգամ նա Հայաստանում եղել է մոտ երեք տարի առաջ։ Այդ ընթացքում նրա կյանքում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել․ Անի Թովմասյանը ընտանիք է կազմել, ամուսնացել և նոր փուլ սկսել։ Գրում է Tert.am-ը:

Երգչուհին տարիներ շարունակ բնակվում է Միացյալ Նահանգներում, որտեղ շարունակում է ստեղծագործական գործունեությունը։ Սակայն, ինչպես ինքն է ասում, հայրենիքի հետ կապը երբեք չի ընդհատվել։

Վերջին անգամ Հայաստանում լինելուց հետո Անիի կյանքում ամենամեծ փոփոխությունը ընտանիք կազմելն է։

«Վերջին անգամ Հայաստանում եղել եմ մոտ երեք տարի առաջ։ Այդ այցից հետո ընտանիք եմ կազմել․ արդեն երեք տարի է՝ ամուսնացած եմ։ Ամուսնուս հետ միասին դեռ չենք հասցրել այցելել հայրենիք։ Այս տարի նույնպես չէի պլանավորել գալ, թեև նախկինում գրեթե ամեն տարի, երբեմն էլ՝ տարին երկու անգամ, գալիս էի Հայաստան։ Քանի որ մայրս էլ է Միացյալ Նահանգներում բնակվում, մենակության զգացումն այդքան ուժեղ չէր։ Բացի այդ, ամուսնական կյանքն ունի իր հետաքրքրություններն ու պատասխանատվությունները։ Միացյալ Նահանգներում կյանքի ռիթմն այնքան արագ է, որ երբեմն նույնիսկ տարիներով չես հասցնում երկրից դուրս գալ։ Բայց մտքովս անգամ չէր անցնի, որ կարող եմ մենահամերգի առաջարկ ստանալ և հրավեր ունենալ Հայաստան գալու համար։ Երբ ստացա հրավերը, շատ ուրախացա և սիրով համաձայնեցի։ Նախկինում Հայաստանում ելույթներ ունեցել եմ ակումբներում ու ռեստորաններում, բայց մեծ բեմում՝ մենահամերգով և մեծաթիվ հանդիսատեսի առաջ, հանդես գալու հնարավորություն դեռ չէի ունեցել»։

Անին խոստովանում է, որ մենահամերգի հրավերն իր համար անսպասելի էր։

«Երևի ժողովուրդը կարոտել է։ Հետևում եմ հայրենիքի անցուդարձին և տեսնում, որ մշակութային ակտիվություն կա։ Կարծում եմ՝ երկար տխրելուց հետո մեր ժողովուրդը ցանկանում է մի փոքր ուրախանալ, թուլանալ։ Հույս ունեմ՝ այս ամենը կշարունակվի, և ես միշտ ուրախ կտեսնեմ իմ հայ ժողովրդին։ Երեք տարվա դադարից հետո շատ հուզված եմ։ Հույս ունեմ՝ ամեն ինչ լավ կանցնի, և նրանք, ովքեր սիրում են իմ հին երգերը, ինչպես նաև իմ նոր, կգան ու միասին լավ ժամանակ կանցկացնենք»։

Այս այցն Անիի համար առանձնահատուկ է նաև մեկ այլ պատճառով։ Այս անգամ ամուսնու հետ Հայաստան չի գալիս, բայց առաջին անգամ հանդիպելու է նրա ընտանիքին։

«Ցավոք, ամուսինս ինձ հետ չի գալու։ Հույս ունեմ՝ հաջորդ անգամ միասին կգանք հայրենիք։ Առաջին անգամ հանդիպելու եմ նրա ընտանիքին։ Մենք հեռակա կարգով շատ հաճախ ենք շփվում, խոսում ենք, բայց անձամբ դեռ չէի հանդիպել նրանց։ Շատ ոգևորված եմ։ Իրենց հետ արդեն տեսակապով շփվել եմ և կարող եմ ասել, որ ամուսնուս մայրիկը շատ բարի է։ Նա ինձ վերաբերվում է այնպես, կարծես իր աղջիկը լինեմ։ Մեր միջև շատ սեր ու հարգանք կա։ Հիմա պարզապես այդ ամենը պետք է նաև իրական կյանքում զգալ՝ միասին ժամանակ անցկացնել, ավելի լավ ճանաչել միմյանց։ Շատ անհամբեր եմ»։

Անին չի թաքցնում՝ ընտանիք կազմելը երկար տարիներ եղել է իր ցանկությունը։ Նրա խոսքով՝ արտիստի կյանքն ու կարիերան հաճախ դժվարացնում են անձնական կյանքը դասավորելը։

«Ես միշտ ցանկացել եմ ընտանիք ունենալ: Շատ ուշ տարիքում ամուսնացա և երկար ժամանակ աղոթում էի, որ ընտանիք կազմեմ, երեխա ունենամ։ Հասկանում էի, որ արտիստի կյանքը շատ է խանգարում անձնական կյանքը դասավորելուն։ Հատկապես հայկական հասարակության մեջ դա մի փոքր ավելի բարդ է, երբ արտիստ ես, այլ կյանքով ես ապրում, կարիերան զբաղեցնում է ամբողջ ժամանակդ։ Մոտ երեք տարի առաջ վերադարձա Հայ Առաքելական եկեղեցի, և այդ ընթացքում արժեքներս շատ փոխվեցին։ Սկսեցի ավելի խորությամբ ճանաչել Առաքելական եկեղեցու ուսմունքը, հաճախել պատարագների և ամեն օր աղոթել, որ Աստված ինձ արժանացնի ընտանիք ունենալու օրհնությանը։ Ես ընտանիքը Աստծո կողմից տրված նվեր եմ համարում։ Շատ հետաքրքիր էր, որ աղոթքիս պատասխանը բավական արագ ստացա։ Ես շատ էի ուզում, որ ապագա ամուսինս նույնպես հավատքով մարդ լինի, Առաքելական Եկեղեցու հավատավոր։ Ինձ համար դա առաջնային էր։ Եվ փաստորեն հանդիպեցի այդ մարդուն։ Մենք ամուսնացանք և եկեղեցով պսակվեցինք։ Ես արդեն խորությամբ հասկանում էի, թե ինչ է ամուսնությունը։ Ինձ համար դա պարզապես երկու մարդու կապ չէ։ Ամուսնությունը երեքի սուրբ խորհուրդ է՝ կին, տղամարդ և Աստված։ Ես այդ քայլին շատ գիտակցված էի մոտեցել»։

Անին առաջին անգամ մանրամասներ է պատմել նաև ամուսնու հետ ծանոթության մասին։

«Ամուսինս հանրային մարդ չէ և ընդհանրապես չի սիրում ուշադրության կենտրոնում լինել։ Սոցցանցերում նրա լուսանկարները գրեթե չկան, և ես հարգում եմ նրա որոշումը։ Կարող եմ ասել միայն, որ Երևանում է ծնվել ու մեծացել, իսկ ծանոթացել ենք Միացյալ Նահանգներում։ Մեր առաջին խոսակցությունը իմ կատվի մասին է եղել: Այդ կատուն երկար տարիներ իմ ընկերն է եղել, հատկապես այն ժամանակ, երբ մենակ էի ապրում ԱՄՆ-ում։ Հետո հավատքը դարձավ մեզ շատ մոտեցնող կարևոր հանգամանք։ Սկսեցինք խոսել մեր արժեքների մասին և հասկացանք, որ շատ հարցերում նման կերպ ենք մտածում՝ սկսած հայրենիքից մինչև տղամարդու և կնոջ հարաբերություններ։

Շատ բարի, հասկացող ու համակրելի ամուսին ունեմ։ Նա նաև շատ լավ երաժշտական ճաշակ ունի, ինչը սկզբում չգիտեի։ Այս երեք տարիների ընթացքում ինձ համար նա դեռ բացահայտվում է։ Ես ունեմ բնավորության դժվար գծեր, բայց նա շատ հանդուրժող մարդ է։ Աստված, երևի, հենց այդպիսի մարդու է ընտրել ինձ համար՝ բարի ու հասկացող»։