Այս անգամ ուրիշ Բրյունետ կտեսնեք․ երգչուհու պրոդյուսերը՝ նոր երգի վտանգավոր նկարահանումների մասին (լուսանկարներ)

Սեպտեմբերի 24-ին Բրյունետը կներկայացնի իր նոր՝ «Անհետանամ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այս անգամ երգչուհին մինչև պրեմիերան չի հրապարակել ոչ երգից հատված, ոչ էլ տեսահոլովակից որևէ կադր՝ պահելով ինտրիգը։ Գրում է Tert.am-ը:

Բրյունետի պրոդյուսեր Նարե Մանուկյանը պատմել է երգի գաղափարի, տեսահոլովակի ստեղծման, երգչուհու նոր կերպարի և առաջիկա ծրագրերի մասին։

Նարե Մանուկյանի խոսքով՝ «Անհետանամ» անվանումը հատուկ ինտրիգ ստեղծելու համար չէ ընտրվել, սակայն երգի և հատկապես տեսահոլովակի գաղափարը կապված է Բրյունետի նոր փուլ մտնելու հետ։

«Այս երգում, իսկ ավելի շատ՝ տեսահոլովակում, ուրիշ Բրյունետ է լինելու։ Փակագծերը չեմ ցանկանում բացել, բայց տեսահոլովակում անպայման կտեսնեք»,– ասաց նա։

Պրոդյուսերի խոսքով՝ տեսահոլովակում Բրյունետը նոր կերպարով է վերադառնում։ Երգի տեսահոլովակի նկարահանումները ևս հեշտ չեն եղել։ Պրոդյուսերի խոսքով՝ երեք րոպեանոց տեսանյութի յուրաքանչյուր կադրի հետևում մեծ աշխատանք է եղել։

«Շատ մեծ աշխատանք է արվել, հատկապես՝ տեսահոլովակի վրա։ Այս անգամ էլ նկարահանումները վտանգավոր պայմաններում են եղել»,– ասաց նա՝ հավելելով, որ մանրամասները դեռ չեն ցանկանում բացահայտել մինչև պրեմիերան։

Նարե Մանուկյանն անդրադարձավ նաև տեսահոլովակների ստեղծման գործում արհեստական բանականության կիրառմանը։ Նա նշեց, որ թե՛ ինքը, թե՛ Բրյունետը դեմ են այդ մոտեցմանը։

«Եվ ես, և Բրյունետը կատեգորիկ դեմ ենք արհեստական բանականությանը։ Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ յուրաքանչյուր կադրի վրա պետք է իրական աշխատանք արվի»,– նշեց պրոդյուսերը։

Նրա խոսքով՝ թիմը ցանկանում է, որ մարդիկ կրկին սկսեն ամբողջական տեսահոլովակներ դիտել և գնահատել դրանց ստեղծման աշխատանքը, ոչ թե սահմանափակվեն միայն կարճ տեսանյութերով։ Բրյունետի երաժշտական գործունեությունն առաջիկայում կարող է նաև միջազգային նոր զարգացումներ ունենալ։ Նարե Մանուկյանի խոսքով՝ արդեն պայմանավորվածություններ կան միջազգային արտիստների հետ համագործակցությունների վերաբերյալ։

«Մոտ ապագայում բավական մեծ նորություններ են սպասվում։ Արդեն ունենք պայմանավորվածություններ միջազգային խոշոր արտիստների հետ համագործակցության մասին»,– ասաց նա՝ մանրամասները դեռ չբացահայտելով։