88 տարեկանում կյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին

88 տարեկան հասակում Փարիզի իր տանը կյանքից հեռացել է ֆրանսիացի անվանի դերասանուհի, երգչուհի և գրող Մարինա Վլադին (իսկական անունը՝ Եկատերինա Մարինա Պոլյակովա-Բայդարովա): Լուրը հայտնել են նրա հարազատները:

Մարինա Վլադին համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1950-ական թվականներից՝ նկարահանվելով ավելի քան 80 ֆիլմերում: Նա աշխատել է կինոյի այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Ժան-Լյուկ Գոդարը և Օրսոն Ուելսը: 1963 թվականին «Ամուսնական մահիճ» ֆիլմում մարմնավորած դերի համար արժանացել է Կաննի կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի» մրցանակին:

Խորհրդային և հետխորհրդային երկրներում նրա անունն անբաժանելիորեն կապված էր լեգենդար երգիչ, դերասան Վլադիմիր Վիսոցկու հետ: Նրանք ամուսնացած են եղել 10 տարի՝ 1970 թվականից մինչև Վիսոցկու մահը՝ 1980 թվականը: Հետագայում Վլադին հրատարակել է «Վլադիմիր կամ Ընդհատված թռիչք» հուշագրությունը, որը դարձել է նրանց սիրո պատմության ամենահայտնի վկայություններից մեկը:

Կյանքի վերջին տարիներին դերասանուհին ապրում էր Փարիզում, զբաղվում գրականությամբ և թատերական նախագծերով: Հարազատների փոխանցմամբ՝ նա մահացել է մտերիմների շրջապատում: