58 տարեկանում կյանքից հեռացել է ռուս հայտնի երաժշտական քննադատ, երաժշտության պատմաբան, հեռուստահաղորդավար և սցենարիստ Սերգեյ Սոսեդովը։
Սոսեդովի մահը վրա է հասել Յակուտիայում շրջագայությունների ընթացքում։ Նախնական տեղեկություններով՝ նա աստիճաններից ընկնելու հետևանքով գլխի ծանր վնասվածք է ստացել։ Բժիշկներին չի հաջողվել փրկել հեռուստահաղորդավարի կյանքը։
Նշվում է, որ դժբախտ պատահարի պատճառը կարող էր լինել պոկված թրոմբը։ Մասնագետների խոսքով՝ թրոմբոզի առաջացմանը հնարավոր է նպաստած լինի երկարատև թռիչքը։
Սերգեյ Սոսեդովը հեռուստադիտողներին հայտնի դարձավ հատկապես «Акулы пера» հաղորդման շնորհիվ։ Նա աչքի էր ընկնում երաժշտական ոլորտում իր սուր և անկեղծ մեկնաբանություններով։
Տարիների ընթացքում Սոսեդովը նաև հանդես է եկել որպես մի շարք հայտնի երաժշտական նախագծերի ժյուրիի անդամ, այդ թվում՝ «X-Factor»-ի և «Суперстар»-ի։
Նա աշխատել է նաև НТВ հեռուստաընկերությունում՝ վարելով «За гранью» սոցիալական թոք-շոուն։















