Սանկտ Պետերբուրգում Քանյե Ուեսթի համերգների կազմակերպմամբ զբաղվող Say Agency ընկերությունը պաշտոնապես հաստատել է դրանց չեղարկումը: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է գործակալության տելեգրամյան ալիքում:
«Ընկերներ, անկեղծ ցավով տեղեկացնում ենք ձեզ, որ YE-ի համերգները Սանկտ Պետերբուրգում նախատեսված օրերին չեն կարող կայանալ: Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ նախագծի կարգավիճակի և հետագա ծրագրերի վերաբերյալ»,- հայտնել են նրանք՝ հստակեցնելով, որ ձեռք բերված տոմսերի վերադարձը հասանելի կլինի հոկտեմբերի 12-ից:
Եզրափակելով՝ գործակալության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր անորոշության մեկուկես ամսվա ընթացքում աջակցել են իրենց և «ամբողջ սրտով սպասել համերգներին»:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Say Agency-ն ազդարարել էր Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենայում» Քանյե Ուեսթի երկու համերգների մասին, որոնք պետք է կայանային հոկտեմբերի 10-ին և 11-ին: Տոմսերի արժեքը տատանվում էր 9-ից 160 հազար ռուբլու սահմաններում: Ավելի ուշ մարզադաշտի տնօրինությունը հայտարարեց, որ գործակալության հետ վարձակալության պայմանագիր չի կնքել, իսկ տոմսերի վաճառքը սկսվել է առանց անհրաժեշտ փաստաթղթերի: Չնայած դրան՝ կազմակերպիչները շարունակում էին պնդել, որ ելույթները կայանալու են: Սակայն սեպտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգը հեռացվեց արտիստի համաշխարհային շրջագայության ժամանակացույցից:
















