Մեգան Ֆոքսը հայտնվել է քննարկումների կենտրոնում իր արտաքինի, ավելի ստույգ՝ իր հասցեին հնչած քննադատությունների պատճառով։
Քննարկումների առիթ է դարձել մի հին տեսանյութ, որտեղ 40-ամյա դերասանուհին պատմում է իր սիրելի ֆիլմերի մասին։ Սակայն օգտատերերի ուշադրությունը կինոյից արագորեն սևեռվել է աստղի արտաքինի վրա։ Շատերը խոստովանել են, որ դժվարությամբ են ճանաչել նրան։ Օգտատերերի մեկնաբանություններն այնքան կոպիտ են եղել, որ էջի ադմինիստրացիան ստիպված է եղել փակել տեսանյութի մեկնաբանությունների բաժինը։
Ոմանք ենթադրել են, թե Ֆոքսը չափից ավելի է տարվել կոսմետոլոգիական միջամտություններով։ Մինչդեռ տեսանյութը նկարահանվել էր դեռևս 2025 թվականի հոկտեմբերին՝ նրա չորրորդ երեխայի ծննդից մոտ յոթ ամիս անց։ Հնարավոր է՝ դերասանուհին պարզապես չէր հասցրել վերականգնվել հղիությունից և ծննդաբերությունից հետո։
Այնուամենայնիվ, Մեգանին արտաքինի հետ կապված քննարկումները հետապնդում են, կարծես, ողջ կարիերայի ընթացքում։ Դեռ «Տրանսֆորմերները» ֆիլմի ժամանակներից դերասանուհին պարբերաբար բախվել է իր գեղեցկության, տարիքի և արտաքին ենթադրյալ փոփոխությունների վերաբերյալ մեկնաբանություններին։ Տարիների ընթացքում այդ ամենի հանդեպ ուշադրությունն ավելի է սրվել։
















