«Ես» ամսագիրը կվերադառնա տպագիր ձևաչափով․ Անի Քոչարը՝ նախագծի վերագործարկման մասին

«Ես» ամսագրի հեղինակ և գլխավոր խմբագիր Անի Քոչարը նոր մանրամասներ է ներկայացրել պարբերականի վերադարձի վերաբերյալ։ Գրում է POP անկյունը:

Արևիկ Ուդումյանի հեղինակային «O Sole Mio» փոդքաստի հերթական թողարկման ընթացքում Քոչարը վերահաստատել է ամսագրի վերագործարկման մտադրությունը՝ նշելով, որ նախագիծն ի սկզբանե նախատեսվում էր իրականացնել ավելի վաղ, սակայն օբյեկտիվ պատճառներով ժամկետները հետաձգվել են։

Նրա խոսքով՝ գլխավոր նպատակը «Ես»-ի վերադարձն է հենց տպագիր ձևաչափով, թեև չի բացառվում նաև էլեկտրոնային տարբերակի առկայությունը։

Քոչարն ընդգծել է, որ ցանկանում է վերականգնել ամսագիր կարդալու, թերթելու, միմյանց փոխանցելու և պահպանելու մշակույթը, որն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։

Անդրադառնալով վերադարձի ժամկետներին՝ նա նշել է, որ հնարավորության դեպքում նախագիծը կիրականացվի այս տարի, հակառակ դեպքում՝ հաջորդ տարի։ Միաժամանակ Քոչարը վստահեցրել է, որ աշխատանքներն ու քննարկումները շարունակվում են, և նախաձեռնությունը միայն հայտարարությունների մակարդակում չէ։