Քայլի Ջեները Victoria’s Secret-ի նորաձևության ցուցադրության իր դեբյուտը նշել է 50 միլիոն դոլար արժողությամբ ադամանդակուռ «Fantasy Bra»-ով: Գրում է Tert.am-ը:
Թեև Victoria’s Secret-ի ցուցադրությունների մշտական մասնակից Քենդալ Ջեները նախորդ երեկոյան չհայտնվեց ապրանքանիշի փայլուն պոդիումին, նրա փոխարեն ուշադրության կենտրոնում հայտնվեց Ջեներ քույրերից մյուսը՝ Քայլին։

Գեղեցկության ոլորտի գործարարն անսպասելիորեն համալրեց ցուցադրության մոդելների կազմը՝ առաջին անգամ հանդես գալով Victoria’s Secret-ի պոդիումում։ Նա միացավ լեգենդար մոդելներ Ադրիանա Լիմային, Ալեսանդրա Ամբրոսիոյին և Ռոզի Հանթինգթոն-Ուայթլիին, ինչպես նաև ժամանակակից նորաձևության ամենապահանջված դեմքերից Բելլա և Ջիջի Հադիդներին։
Քայլիին վստահվել էր նաև երեկոյի ամենապատվավոր առաքելություններից մեկը՝ ներկայացնել լեգենդար «Fantasy Bra» կրծկալը։ Ավանդաբար այս բացառիկ հնարավորությունը տրվում է տարեկան ընդամենը մեկ մոդելի, այն էլ՝ սովորաբար Victoria’s Secret-ի արդեն ճանաչված «հրեշտակներից» մեկին, այլ ոչ թե նորեկի։

Հատկանշական է, որ «Fantasy Bra»-ն վերջին անգամ պոդիումում ներկայացվել էր 2018 թվականին։ Այս տարվա վերադարձն առավել քան տպավորիչ էր․ ցուցադրված կրծկալը դարձավ ապրանքանիշի պատմության մեջ ամենաթանկարժեքը՝ գնահատվելով անհավանական 50 միլիոն դոլար։
Ոսկերչական Jacob & Co ընկերության հետ համագործակցությամբ ստեղծված այս եզակի նմուշը զարդարված էր 4 410 բնական ադամանդներով, որոնց ընդհանուր քաշը կազմում էր 1 373,39 կարատ։ Շքեղ ստեղծագործության կենտրոնում առանձնանում էր 75 կարատանոց, բնական, վառ դեղին երանգով բացառիկ ադամանդը՝ դառնալով ամբողջ կերպարի գլխավոր զարդը։
Քայլի Ջեները ադամանդակուռ կրծկալը համադրել էր նույնքան փայլուն, քարերով զարդարված ներքնազգեստի, թափանցիկ ու թեթև մինի կիսաշրջազգեստի և հսկայական սպիտակ փետուրե թևերի հետ։
Եվ թեև սա Քայլիի առաջին ելույթն էր Victoria’s Secret-ի պոդիումում, նա արդեն հասցրել է նվաճել իր «հրեշտակի թևերը»՝ դառնալով երեկոյի ամենաուշագրավ կերպարներից մեկը։















