2028 թվականին Լիվերպուլի կենտրոնում կբացվի The Beatles խմբի պատմությանը նվիրված նոր թանգարան, որի տարածքը կկազմի 9300 քառակուսի մետր՝ ներկայիս թանգարանից մոտ չորս անգամ ավելի։ Նախագիծը հավանության են արժանացրել Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը։ Թանգարանը կտեղակայվի քաղաքի ամենամեծ փակ շուկայի վերակառուցված շենքում։ Իսկ հայտնի St Johns Beacon հեռուստաաշտարակում կստեղծվի «Դեղին սուզանավ» երգին և մուլտֆիլմին նվիրված տարածք։ Գրում է Radar-ը:

Apple Corps ընկերության իրականացրած նախագծի շրջանակում այցելուները ինտերակտիվ տեխնոլոգիաների միջոցով կկարողանան վերապրել խմբի պատմության կարևոր դրվագները՝ հետպատերազմյան Լիվերպուլից ու Համբուրգից մինչև Լոնդոնի Էբբի Ռոուդի ստուդիան և ԱՄՆ-ում խմբի լեգենդար ելույթը։

Թանգարանում կցուցադրվեն նաև խմբի պատմության հետ կապված բնօրինակ իրեր, իսկ տոմսերի վաճառքից ստացված հասույթի մի մասը կուղղվի Լիվերպուլի սկսնակ երաժիշտներին և արվեստի ներկայացուցիչներին աջակցող բարեգործական կազմակերպությանը։ «Ես սիրում եմ Լիվերպուլը։ Այն իմ անբաժանելի մասն է և The Beatles-ի մի մասը։ Մեծ պատիվ է, որ մարդկանց դեռ հետաքրքրում է մեր պատմությունը», – ասել է Փոլ Մաքքարթնին։















