Քեյթ Միդլթոնը «Դիսնեյի արքայադստեր» կերպարով ներկա է գտնվել Օմանի սուլթանի այցի պատվին կազմակերպված ընդունելությանը

Վինձորի ամրոցում տեղի է ունեցել պետական ընդունելություն՝ ի պատիվ Մեծ Բրիտանիա Օմանի սուլթան Հայթամ բին Թարիք Ալ Սաիդի պաշտոնական այցի։ Միջոցառմանը ներկա են եղել Չարլզ III թագավորն ու թագուհի Կամիլան, արքայազն Ուիլյամը կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ, ինչպես նաև արքայական ընտանիքի այլ ներկայացուցիչներ և պատվավոր հյուրեր։

Ուելսի 44-ամյա արքայադուստրը հանրությանն է ներկայացել Elie Saab ապրանքանիշի նուրբ դեղին զգեստով, որը հիշեցնում է «Գեղեցկուհին և Հրեշը» դիսնեյյան մուլտֆիլմի արքայադուստր Բելի հայտնի կերպարը։ Տեսքն ամբողջացրել են «Սիրո հանգույցներ» թագը, Greville ականջօղերը, փայլուն կլատչն ու «Queen Mary» հազվագյուտ ապարանջան-չոկերը։ Թագավորական էթիկետի համաձայն՝ Ուիլյամը դասական սև ֆրակով էր՝ սպիտակ փողկապ-թիթեռնիկով։

Միևնույն ժամանակ 79-ամյա թագուհի Կամիլան ընդունելությանը ներկայացել էր Fiona Clare-ի արքայական կապույտ զգեստով և «Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի աղջիկներ» թագով։

Երեկոյի սկզբում Չարլզ III-ն ու Օմանի սուլթանը հանդես են եկել տոնական ելույթներով՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների կարևորությունը։ Այնուհետև 160 հյուրերն անցել են ճաշկերույթին․ տոնական ճաշացանկում ընդգրկված են եղել շոտլանդական լանգուստներ, կորնուոլյան խեցգետիններ, տապակած փասիան և կաղամբով տոլմա։ Որպես աղանդեր մատուցվել են «Ալյասկա» կարկանդակներ՝ սալորի պաղպաղակով և մեղրով։