«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները

57-ամյա Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է 46-ամյա բրիտանացի կատակերգու և դերասան Բրեթ Գոլդստինի հետ, ում հետ վերջերս նկարահանվել է «Ծառայողական սիրավեպ» ֆիլմում։ Հայտնիների սիրավեպի մասին՝ հղում անելով ինսայդերներին, հայտնում է Page Six-ը։

Օրերս Լոպեսն ու Գոլդստինը ներկա են գտնվել պրոդյուսեր Քեյդ Հադսոնի՝ Լոս Անջելեսում կազմակերպած փակ միջոցառմանը․ դերասանները շենք են մտել առանձին, սակայն երեկույթից հեռացել են միևնույն ավտոմեքենայով։

Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ այժմ դերասանները հանդիպում են՝ հավելելով․ «Այս պահին նրանց հարաբերությունները ոչ մի պարտավորեցնող բնույթ չեն կրում»։ Նա նաև մանրամասներ է բացահայտել զույգի հարաբերություններից՝ նշելով․ «Նրանց միավորում է այն, որ երկուսն էլ պաշտում են երեկույթների գնալն ու ռեստորաններ այցելելը»։ Ընդ որում, ինսայդերը Գոլդստինին հակադրել է երգչուհու նախկին ամուսնուն՝ Բեն Աֆլեքին՝ հայտարարելով․ «Նա բոլորովին նման չէ նրա նախկինին՝ Բենին, ով հանրային միջոցառումների ժամանակ միշտ դժգոհ դեմքով էր շրջում»։

Աստղերի պաշտոնական ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանում այս լուրերը, սակայն պարբերականը եզրահանգել է, որ «դերասանների էկրանային քիմիան վերածվել է իրական հարաբերությունների»։