Հոկտեմբերի 20-ից Շանթ հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Բարի Գալուստ» սիթքոմը։ Այն դերասան Աղաս Մանուկյանի առաջին պրոդյուսերական աշխատանքն է։ Սա նաև առաջին սիթքոմն է, որի նկարահանումներն իրականացվել են Եվրոպայում՝ մասնավորապես Հունաստանում։
Աղաս Մանուկյանն այս անգամ որոշել է չհայտնվել էկրանին՝ նախընտրելով կենտրոնանալ պրոդյուսերական աշխատանքի վրա։ Նա նաև սցենարի համահեղինակներից է։ Սցենարի վրա աշխատելիս Աղասն արդեն հստակ պատկերացում ուներ, թե ով պետք է մարմնավորի յուրաքանչյուր կերպար։ Այս նախագծին մասնակցելու համար դերասան Վահագն Ստեփանյանը՝ Դելոնը, հատուկ Լոս Անջելեսից մեկնել է Աթենք։
Նախագծի գաղափարը Աղաս Մանուկյանին առաջարկել է Հունաստանում գործող Akva Buildings ընկերության համասեփականատեր Կառլեն Առաքելյանը։ Այնուհետև Աղասը Հայկ Սարգսյանի և Արտակ Վասիլյանի հետ սկսել է աշխատել սցենարի վրա։
Պատմության համար ընտրվել է հյուրանոցային միջավայրը։ Գաղափարը ձևավորվել է Akva Buildings-ի գործունեությանը ծանոթանալուց հետո։ Ընկերությունը Հունաստանում զբաղվում է կառուցապատմամբ, այդ թվում՝ բնակելի շենքերի և հյուրանոցների կառուցմամբ։

Showbiz.am-ի հետ զրույցում Դելոն պատմել է իր կերպարի, Աղաս Մանուկյանի հետ համագործակցության և Հունաստանում անցկացրած նկարահանումների մասին։
Սիթքոմում դերասանը մարմնավորում է Մոսոյին՝ հյուրանոցի ընդունարանի աշխատակցին։ Դելոյի խոսքով՝ կերպարը հասկացել է առաջին իսկ պահից՝ հստակ պատկերացնելով նրա խոսելաձևը, պահվածքն ու բնավորության առանձնահատկությունները։ Նա Մոսոյին բնութագրում է որպես մի փոքր «անասուն», տարօրինակ ու զվարճալի սովորություններով, բայց միաժամանակ բարի ու լավ տղայի։ Դերասանի կարծիքով՝ հենց այս հակասությունն է կերպարին հետաքրքիր ու ծիծաղելի դարձնում։
Նկարահանվելու առաջարկը Դելոյին արել է անձամբ Աղաս Մանուկյանը՝ վստահեցնելով, որ դերը հենց նրա համար է գրված, և ինքը չի կարող մերժել այն։ «Մի հատ դեր կա, անպայման դու պետք է լինես, չես կարող ասել՝ չէ, քո համար է գրված դերը»,— հիշում է դերասանը։ Արդյունքում կազմակերպվել է նրա մեկնումը Լոս Անջելեսից Հունաստան։

Աղաս Մանուկյանի հետ սա Դելոյի առաջին համագործակցությունն էր, որը, նրա խոսքով, շատ արագ վերածվել է ընկերության։ Նրանք միանգամից հասկացել են միմյանց։ Դերասանը նաև որոշակի մասնակցություն է ունեցել սցենարական աշխատանքին, քանի որ շատ է սիրում ստեղծագործական այդ գործընթացը։ Ինչ վերաբերում է Մոսոյի կերպարին, ապա Աղասը նրան լիակատար ազատություն է տվել՝ հնարավորություն ընձեռելով սեփական պատկերացմամբ կերտել հերոսին։
Խոսելով Աղաս Մանուկյանի՝ որպես պրոդյուսերի աշխատանքի մասին՝ դերասանը նրան բնութագրել է որպես ֆանտաստիկ մասնագետի՝ ընդգծելով, որ ամեն ինչ շատ ճիշտ ու լավ է կազմակերպել։ «Բրավո՛ նրան»,— նշել է նա։
Հունաստանում անցկացրած օրերը Դելոյի համար առանձնահատուկ են եղել։ Դերասանը երկիրը բացահայտում էր նորովի և, իր խոսքով, վայելել է նկարահանումների յուրաքանչյուր պահը։ Նա շնորհակալություն է հայտնել նաև Akva Buildings կառուցապատող ընկերությանը՝ նախագծի իրականացմանն աջակցելու համար։
Դելոն նշել է, որ բնավորությամբ թեթև ու հարմարվող է, իսկ նկարահանման հրապարակում ստեղծված մթնոլորտը նպաստել է արդյունավետ աշխատանքին։ Նրա համոզմամբ՝ այդ դրական էներգիան կփոխանցվի նաև հեռուստադիտողին։
Դերասանի կարծիքով՝ «Բարի Գալուստ»-ն առանձնանում է ոչ միայն իր պատմությամբ, այլև նկարահանման վայրով ու տեսողական լուծումներով։ Հունաստանի գեղեցիկ տեսարանները, եվրոպական միջավայրն ու ստեղծագործական թիմի աշխատանքը նախագիծը դարձնում են յուրահատուկ։ Դերասանը նաև կարևորել է Աղաս Մանուկյանի անհատական ձեռագիրը և սիթքոմի դերասանական կազմը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենը հեռուստադիտողին հետաքրքիր դիտում է սպասում։

Սիթքոմի հիմնական ուղերձներից մեկը բարու հաղթանակն է չարի նկատմամբ։ Մոսոյի կերպարում ևս արտահայտվում է այդ գաղափարը․ արտաքուստ տարօրինակ ու երբեմն ծիծաղելի պահվածքի հետևում թաքնված է բարի ու դրական մարդ։ Հենց այդ մարդկային կողմն է, ըստ էության, կերպարին դարձնում սիրելի։
Դերասանը հույս ունի, որ սիթքոմը հեռուստադիտողին կպարգևի լավ տրամադրություն, կօգնի մի պահ կտրվել առօրյա հոգսերից և պարզապես վայելել դիտումը։ Դելոյի խոսքով՝ նախագիծը ստեղծվել է սիրով ու ոգևորությամբ, և վստահ է, որ այդ ամենը կզգացվի նաև էկրանին։
Սիթքոմի գլխավոր դերերում են Իրինա Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Մարինկա Խաչատրյանը, Դելոն, Էվա Խաչատրյանը, Նորայր Եղյանը, Արման Գևորգյանը, Սերգեյ Գրիգորյանը, Վահե Պետրոսյանը և այլ դերասաններ։

Նյութը՝ Լուս Ավագյանի















