Ամերիկյան կինոինստիտուտի (AFI) հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Թոմ Քրուզը կարժանանա կյանքի նվաճումների մրցանակին։ Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլի 24-ին՝ Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում։ Գրում է Radar-ը:
1973 թվականին հիմնադրված մրցանակը շնորհվում է այն անհատներին, որոնք նշանակալի ներդրում են ունեցել կինոարվեստի զարգացման գործում, և որոնց ստեղծագործական ժառանգությունը ժամանակի ընթացքում պահպանել է իր արժեքը։
Քրուզը կմիանա մրցանակին արժանացած անվանի կինոգործիչների շարքին, որոնց թվում են Ջոն Ֆորդը, Բեթ Դևիսը, Սիդնի Պուատիեն, Ստիվեն Սպիլբերգը, Դենզել Վաշինգտոնը, Նիկոլ Քիդմանը և Էդդի Մերֆին, որն այս տարվա սկզբին է ստացել այդ պատվավոր մրցանակը։
Մրցանակաբաշխության գալա-երեկոյի հասույթը կուղղվի Ամերիկյան կինոինստիտուտի կրթական և արվեստի ծրագրերի իրականացմանն ու աջակցությանը։
Ավելի քան չորս տասնամյակ տևած կարիերայի ընթացքում Կրուզը նկարահանվել է բազմաթիվ հայտնի ֆիլմերում, այդ թվում՝ «Ռիսկային բիզնես», «Մի քանի լավ տղաներ», «Ջերի Մագուայր», «Փոքրամասնության կարծիքը», ինչպես նաև «Առաքելությունն անիրագործելի է» կինոշարքում։
Անցյալ տարի դերասանն արժանացել է նաև պատվավոր «Օսկարի»՝ Կինոարվեստի և գիտության ակադեմիայի կառավարիչների խորհրդի կողմից շնորհվող մրցանակի։















