Գոհար Ավետիսյանի կյանքում այս տարին առանձնահատուկ է. իրականացել է ֆիլմում նկարահանվելու նրա մանկության երազանքը։ Ինչպե՞ս է համատեղում աշխատանքն ու մայրությունը, ի՞նչ է զգում Հայաստան վերադառնալիս եւ արդյոք առաջիկայում ցանկանո՞ւմ է հարսի զգեստ հագնել, նա պատմել է Bravo.am-ին։
– Շատ փոքր տարիքում ընտանիքով տեղափոխվել եք Ռուսաստան, որտեղ հետագայում ինքնուրույն կերտել եք Ձեզ եւ ստեղծել Ձեր անվանական բրենդը։ Ի՞նչն է օգնել հաջողության հասնել։
– Սկզբում շատ վախենալու եւ բարդ էր։ Դիմահարդարման ոլորտում ճանաչում ձեռք բերեցի իմ ստեղծագործական մոտեցման եւ հմտությունների շնորհիվ։ Այն սիրել եմ դեռ մանկուց, եւ հենց այդ պատճառով բոլոր աղջիկներին ու կանանց կմաղթեմ ու խորհուրդ կտամ զբաղվել նրանով, ինչ սիրում են։ Եթե սիրում են մարդկանց գեղեցկացնել, թող դա անեն, եթե սիրում են համեղ պատրաստել, թող զարգանան այդ ուղղությամբ։ Յուրաքանչյուր մարդ պետք է սովորի իր սիրելի զբաղմունքը նախ հոբբիի, ապա եկամուտ բերող աշխատանքի վերածել։ Երբ զբաղվում ես սիրելի գործով, մոռանում ես վախերի եւ դժվարությունների մասին։
– Դուք որդի ունեք՝ Գասպարը։ Հե՞շտ է համատեղել մայրությունը, ակտիվ մասնագիտական գործունեությունն ու հանրային կյանքը։
– Ես դադարել եմ ինձ մեղադրել այն բանի համար, որ 24 ժամ երեխայիս կողքին չեմ։ Երբ նորածին էր, այս առումով շատ էի անհանգստանում, ինձ թվում էր՝ լավ մայր չեմ։ Բայց հետո հասկացա, որ ամեն մայր իր ձեւով է սիրում երեխային։ Այն ժամերը, որ միասին ենք անցկացնում, առավելագույնս նվիրում եմ նրան՝ նրա հետաքրքրություններին ու նախասիրություններին։ Մայրը կարող է 24 ժամ երեխայի կողքին լինել, բայց ամբողջ ընթացքում բղավել նրա վրա, մինչդեռ միասին անցկացրած ավելի կարճ ժամանակը կարող է շատ ավելի արդյունավետ ու արժեքավոր լինել։
– Հայաստան հաճախ եք գալիս։ Մշտական բնակության տեղափոխվելու պլաններ չկա՞ն:
– Հայաստան վերադառնալիս ամեն անգամ հոգումս յուրահատուկ զգացողություն է առաջանում։ Ինչպես ասում են՝ «պապայի տուն եմ եկել»։ Ծնվել եմ Մարտունու Լիճք գյուղում։ Շատ կապված եմ հայրենիքիս հետ ու շատ եմ սիրում, սակայն մշտական բնակության տեղափոխվելու մասին դեռ չեմ մտածում։ Աստված տա՝ այստեղ էլ իմ անկյունն ունենամ, բայց այս պահին իմ տունն ու աշխատանքը Մոսկվայում են։
Ամբողջական նյութը՝ BRAVO.am-ում:
















